Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, թե ինչ գրառում է կատարել Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում Հռոմի Պապը:
«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և գիտենա չարության փոխարեն ապրել բարությամբ: Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և իմաստնություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,- գրել է Սրբազան Քահանայապետը: Հուշահամալիրում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին են մոտեցել Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի խումբ ժառանգներ՝ զավակներ և թոռներ, որոնց նախնիները, Մեծ Եղեռնի որբեր լինելով, Պիուս Տասնմեկերորդ Պապի որոշմամբ օթևան էին գտել պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում: