Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կենսագրությունը

19:00, հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կենսագրությունը

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ՀՈԳևՈՐ ԿՈՉՈՒՄԸ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
     Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Տավուշի թեմի առաջնորդ։
     Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (ավազանի անունը՝ Վազգեն) ծնվել է 1971 թվականի մայիսի 20-ին Գյումրիում: Ծնողները իրանահայեր են՝ Իրանի Սանգիբարան գյուղից։ 1971 թվականին ամբողջ ընտանիքով հաստատվում են Գյումրիում, ապա 1977 թվականին՝ տեղափոխվում Երևան։
     Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 1978-1988 թթ. սովորել է Երևանի թիվ 156 դպրոցում։
     1988 - 1994թթ. ուսանել է Գևորգյան հոգևոր ճեմարանում: Ուսման ընթացքում՝ 1994 թվականիին Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ։
     1994թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով «Խոսրով եպիսկոպոս Անձևացու ժամակարգության մեկնությունն ու աստվածաբանությունը (նորագյուտ ձեռագրերով և մատենագիտական ուսումնասիրությամբ)» ավարտաճառը:
     1995թ․ հուլիսի 23-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերակոչվելով Բագրատ՝ ի հիշատակ և ի պատիվ Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանի, ով նահատակվել է 1937 թվականի բռնաճնշումների ժամանակ։
     1995թ.՝ զբաղեցնելով Սուրբ Էջմիածնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կիրակնօրյա դպրոցի տնօրենի պաշտոնը, Բագրատ Սրբազանը նշանակվել է Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության նորաստեղծ կենտրոնի փոխնախագահ։ Սուրբ Պատարագի մեկնություն, Շարականագիտություն և Ընդհանուր եկեղեցու պատմություն է դասավանդել Գևորգյան հոգևոր ճեմարանում և Վազգենյան դպրանոցում։
     ԽՄԲԱԳԻՐ
     1996թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր։ Միաժամանակ ներգրավված էր Հայաստանի 5 մարզերում ուսուցիչների վերապատրաստության ծրագրերին՝ վարելով դասընթացներ Արմավիր, Մասիս, Արտաշատ, Ապարան քաղաքներում և Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Հայաստանում քրիստոնեական առաջին՝ «Կանթեղ» հեռուստանախագծի համահիմնադիր է։
     1996-1998թթ. եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի գավազանակիրը։ Ուղեկցել է նրան հովվապետական այցերում Հարավային Ամերիկա, Մոսկվա, Մեծ Բրիտանիա և Ավստրիա: Ավստրիայում, որպես պատվիրակ, մասնակցել է Գրացի Եվրոպական եկեղեցիների երկրորդ խորհրդին։
     1996-2000թթ․ եղել է Հայաստանում քրիստոնեության պետական կրոնի հռչակման 1700-ամյակի կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ։
     ԱՆԳԼԻԱ, ԼԻԴՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
     Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին Ա-ի առաջարկությամբ 1998թ-ին մեկնել է սովորելու Անգլիայի Լիդսի համալսարանում։ Համատեղությամբ սովորել է Միրֆիլդի Սուրբ Հարություն աստվածաբանական քոլեջում և Լիդսի համալսարանում՝ միաժամանակ ստանձնելով Մանչեսթերի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու այցելու հովվի առաքելությունը մինչև 2000թ։
     ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑԻ ՏԵՍՈՒՉ
     2000 թվականին, Անգլիայում ուսումնառության ավարտից հետո, Բագրատ Սրբազանը վերադարձել է Հայաստան։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ։
     Տեսուչի պաշտոնում դասավանդել է Ընդհանուր եկեղեցու պատմություն, Հովհաննու Ավետարանի մեկնություն, Եկեղեցական երաժշտություն առարկաները։ Հիմնադրել է Վազգենյան դպրանոցի «Լուսավորիչ» բազմաձայն երգչախումբը, որը թողարկել է 2 սկավառակ՝ «Արևագալը Գեղարդում» և «Կոմիտասյան Պատարագը»։
     Երգչախումբը համերգներով հանդես է եկել Երևանում, Էջմիածնում, Սևանում և ողջ Հայաստանում:
     Բագրատ Սրբազանի պաշտոնավարման տարիներին Վազգենյան դպրանոցը հրատարակել է նաև իր առաջին տարեկան աստվածաբանական ամսագիրը՝ Սուրբ Առաքելոց։
     Բագրատ Սրբազանը, դպրանոցի տեսչության ընթացքին, առաջին անգամ ներկայացրել ու դասավանդել է «Կանաչ աստվածաբանություն» առարկան, որը նորույթ էր Արևելյան Եվրոպայում, նախկին Խորհրդային Հանրապետություններում և այս շրջաններում գործող եկեղեցիներում: Այս թեման Վազգենյան դպրանոցում և Հայ Եկեղեցում ներկայացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի համագործակցությամբ։
     Բագրատ Սրբազանը դպրանոցի տեսուչն է եղել մինչև 2003 թվականը։
     ՎԱՐԴԱՊԵՏ
     2002թ. պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Հիվանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» վերտառությամբ՝ ստանալով մասնավոր վարդապետության չորս աստիճանները։
     Նույն ժամանակ (2002 թ.) նշանակվել է նաև Մայր Աթոռի նորաստեղծ Մամուլի, լրատվության և հասարակական կապերի գրասենյակի տնօրեն, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ։
     Հիմնադրել և վարել է «Ճանաչենք Ավետարանը» հաղորդաշարը։ Այս շարքը բաղկացած էր Նոր Կտակարանի ամենշաբաթյա քարոզներից և մեկնություններից՝ ներառյալ կրոնական թեմաներով բանավեճեր և քննարկումներ:
     Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը աստվածաբանության, սոցիալական, մշակութային թեմաներով բազմաթիվ հոդվածներ է հրապարակել, որոնք վերաբերում են Հայաստանին և Հայ Եկեղեցուն։
     ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ
     2002թ. Բագրատ Սրբազանը զուգահեռաբար նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Փոխառաջնորդության կարճ շրջանում Օշականում հիմնադրել է մանկական պարի խումբ և երգչախումբ, ընդարձակել և վերակազմավորել է թեմի Քրիստոնեական դաստիարակչության կենտրոնը, Աշտարակում, Ապարանում և Թալինում ստեղծել Երիտասարդական կենտրոններ։
     Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կառավարությունից ետ է վերցրել 17 վանքեր և եկեղեցիներ, որոնք պատմականորեն, մինչև Հայաստանի խորհրդայնացումը պատկանել են Մայր Աթոռին։
     Թալինում ձեռք է բերել ցերեկային խնամքի, երիտասարդական կենտրոն՝ Արագածոտնի հոգևոր խնամքի ներքո։
     ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՆԱԴԱՅԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
     2003թ․-ի մայիսին Կանադային թեմական Ընդհանուր Ժողովի կողմից ընտրվել է Կանադայի Հայոց թեմի առաջնորդ։ Նույն թվականի հունիսի 22-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ ձեռնադրվել է եպիսկոպոս Էջմիածնի Մայր տաճարում։
     Առաջնորդության տարիներին բարեգործության նպատակով հիմնել է «Հայ տուն» կազմակերպությունը՝ անօգնական տարեցներին և հիվանդներին օգնելու, ինչպես նաև Իրաքից պատերազմի պատճառով Կանադա գաղթած իրաքահայերին աջակցելու համար, կազմավորել է երիտասարդական խմբեր, մանկական երգչախումբ, նախաձեռնել է «Արարատ» ծերանոցի կառուցումը և այլն։
     ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԱՍՏԻՃԱՆ
     2012թ․ նոյեմբերին Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանում պաշտապնել է աստվածաբանության և կենսաբարոյագիտության մագիստրոսական թեզ (MA)՝ «Հայաստանի առողջապահական համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը․ անցյալը, ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» թեմայով:
     2013թ․ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վերադարձել է Հայաստան։
     ԱՆԳԼԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻ ԵՂԻՍԱԲԵԹ Բ-Ի «ԱԴԱՄԱՆԴՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ» ՄԵԴԱԼ
     2013թ․ հունվարի 6-ին Մանրեալում արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ Բ-ի «Ադամանդյա հոբելյանի» մեդալին։ Կանադայի Նոր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Օտրեմոնտի պատգամավոր Թոմաս Մուլքեյրի անունից մեդալը հանձնեց Ռոզմոնտի պատգամավոր Ալեքսանդր Բուլերիսը:
     ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒՄ
     2013-2019թթ. վարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորաստեղծ Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենի պաշտոնը։
     2014 թվականից «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի հոգևոր միջազգային փառատոնի հոգևոր պատասխանատուն է։
     2015թ․ արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»՝ նախագահական 2-րդ աստիճանի մեդալի և ՀՀ Պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» շքանշանի։
     2021թ․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից պարգևատրվել է «Ս. Ղևոնդ Երեց» նորահաստատ շքանշանով։
     ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
     2015 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Սրբազանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ։
     2015 թ. սեպտեմբերի 21-ին նրա նախաձեռնությամբ Հաղարծնում տեղի է ունեցել թեմի Երիտասարդաց միության անդրանիկ հավաքը, կազմավորվել է Երիտասարդաց միության Կենտրոնական խորհուրդ։
     2017թ․-ից հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։
     «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
     2017թ-ից «Պահապան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է
     2019 թ.-ից՝ «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան։
     «Իջևան» հեռուստաընկերությունում հիմնել է «Աստվածաշունչը մեր կյանքում» հաղորդաշարը։
     2016-2020թթ․ Տավուշում իրականացվել է «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում կիրակնօրյա դպրոցներ են բացվել 43 համայնքներում՝ 2000 աշակերտներով։
     2015թ-ին հիմնադրել է Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը, որը հետագայում վերանվանվել է Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախումբ։
     2016թ-ին հիմնադրել է Իջևանում «Արևիկ» և Նոյեմբերյանում «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնները։
     2016թ-ին ձեռագործի ավանդույթների վերարթնացման, տավուշեցի կանանց աշխատանքով ապահովման համար օժանդակել է Տավուշի թեմի առաջնորդարանում «Թելիկ» սոցիալական ձեռնարկատիրության ստեղծմանը։
     2022թ․-ին Տավուշի 4 քաղաքներում ստեղծել է ՏաՈւժ դպրոցները, որը առաջնորդների պատրաստման դպրոց է։ Դպրոցում անց են կացվում հոգևոր-հայրենաճանաչողական, մարզական և ռազմական դասեր։
     Բագրատ Սրբազանը Արցախում է եղել և՛ 1990-ական թթ․ արցախյան պատերազմի ընթացքում, և՛ 2016թ․-ի Ապրիլյան քառօրյա պատերզմի օրերին, և՛ 2020թ․-ի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։
     Բագրատ Սրբազանը իր հայրական հատուկ խնամքի ներքո է պահում Հայոց բանակը, մեր նահատակ հերոսների ընտանիքներին։
     Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում։
     2023 թ․-ի փետրվարի 17-ին Հայոց Հայրապետի կողմից արժանացել է արքության պատվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետի կողմից։
     Բագրատ Սրբազանը դասավանդում է Գևորգյան հոգևոր ճեմարանում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
     ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
     Սրբազանը հրատարակել է բազմաթիվ աստվածաբանական, հասարակական, քարոզախոսական, մշակութային հոդվածներ, ինչպես նաև հետևյալ գրքերը․
     «Խոհեր» (Մոնթրէալ 2008),
     «Օծումն Հիւանդաց խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» (Էջմիածին, 2001),
     «Միտք և բանք» (Էջմիածին, 2019),
     «Հայաստանի առողջապահական համակարգը․ պատմական, սոցիալական, բարոյագիտական և աստվածաբանական հայացքը․ անցյալը, ներկան և հեռանկարը» (Երևան, 2021),
     «Խոսրով եպիսկոպոս Անձևացի» (Երևան, 2022),
     «Ավետյաց երկրի տեսիլքով» (Երևան, 2023)։

9025 | 0
Facebook