Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարի թաղն սպասարկող ավտոբուսների հարցն ուսումնասիրվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ի կողմից

16:25, երեքշաբթի, 10 մայիսի, 2016 թ.
Սարի թաղն սպասարկող ավտոբուսների հարցն ուսումնասիրվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ի կողմից

Ի պատասխան MAMUL.am-ի` Սարի թաղի տրանսպորտի անբարեխիղճ սպասարկմանը վերաբերող հարցմանը, Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ հարցի քննարկման արդյունքում հանձնարարվել է երթուղիները սպասարկող կազմակերպության տնօրինությանը՝ երթուղիների աշխատանքը վերցնել ամենօրյա հսկողության տակ, կանոնավորել շարժման միջակայքերը (մասնավորապես, ավտոբուսային հ.21 երթու-ղում) և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ առաջիկա շաբաթվա ընթացքում երթուղիներում շարժակազմի քանակն ավելացնելու և դրանց սպասարկման վիճակը բարելավելու համար։

Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության գրավոր պատասխանում նշվում է, որ Սարի թաղի բնակչության տրանսպորտի սպասարկման հարցն ուսումնասիրվել է տեղում «Երևանտրանս» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից (առավոտյան և երեկոյան ժամերին) և քննարկվել ընկերությունում՝ ավտոբուսային հ.հ.9, 21 երթուղիները սպասարկող կազմակերպության տնօրինության հետ համատեղ։ «Ուսումնասիրությունից պարզվել է, որ ավտոբուսային հ.9 երթուղին շահագործվում է 4 միավոր շարժակազմով, 14-15 րոպե շարժման միջակայքերով, իսկ ավտոբուսային հ.21 երթուղին՝ 3 միավոր շարժակազմով, 18-20 րոպե շարժման միջակայքերով երեկոյան ժամերին և մոտ 30 րոպե միջակայքով առավոտյան ժամերին։

Հիշեցնենք` MAMUL.am լրատվականն օրեր առաջ անդրադարձել էր Սարի թաղի տրանսպորտային սպասարկումն իրականացնող կազմակերպության անպատասխանատու և անբարեխիղճ վերաբերմունքին` նշելով, որ ավտոբուսային երթուղիները ծայրահեղ անմխիթար վիճակում են և չեն բավականացնում թաղի մեծաթիվ բնակչությանը: Հարկ է նշել, որ պատասխանում նշված շատ կետեր չեն համապատասխանում իրականությանը` ընդսմին այն, որ 21 համարի ավտոբուսների վարորդները աշխատանքային օրերին աշխատում են ոչ թե 18-20 րոպե շարժման միջակայքերով, այլ` 27-30 րոպե, իսկ շաբաթ-կիրակի օրերին, լավագույն դեպքում, 35-40 րոպեն մեկ:

3489 | 0
Facebook