ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունները Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ սկսվել են փոխադարձ կշտամբանքներով, հաղորդում է Associated Press-ը։
Վան Ին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ընդհանուր առմամբ Վաշինգթոնի և Պեկինի հարաբերություններն «սկսում են կայունանալ»։
«Միևնույն ժամանակ, հարաբերություններում բացասական գործոնները դեռ ավելանում են»,-ասել է նա։
Վան Իի խոսքով՝ Չինաստանի հիմնական շահերը բախվել են խնդիրների, իսկ ՉԺՀ-ի օրինական իրավունքները «անհիմն ճնշվել են»: Այսպես, նա մատնանշել է Հարավչինական ծովում տեղի ունեցող իրադարձությունները՝ դժգոհություն հայտնելով իր ռազմական ենթակառուցվածքն ընդլայնելու Վաշինգթոնի ծրագրերից։
Իր հերթին, Բլինքենն ընդունել է առկա տարաձայնությունները և կոչ արել իրավիճակից ելք գտնել դիվանագիտության միջոցով: Բլինքենի այցը Չինաստան տեղի է ունենում ապրիլի 24-26-ը: ԱՄՆ պետքարտուղարը Պեկինից բացի նախատեսում է այցելել նաև Շանհայ։