ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի քաղաքային խորհրդի անդամները ներկայացրել են մի բանաձև, որով կոչ են անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես հաղորդում է «Asbarez»-ը, բանաձևը հիշեցնում է նաև անցած շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանության ճշմարտության ու արդարության 154-րդ բանաձևը և հայտնում Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի աջակցությունն այդ բանաձևին:
Բանաձևը համատեղ ներկայացնելու համար քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Գրիգորյանին ու խորհրդի նախագահ Հերբ Վեսոնին միացել են անդամներ Միտչ Օ՝ Ֆարելը և Փոլ Կորեցը:
Աղբյուրը նշում է, որ վերոհիշյալ փաստաթուղթը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հորդորել Թուրքիայի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանության փաստերն ու դրա հետևանքները:
Քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը նշել է, որ Լոս Անջելեսում հսկայական թվով հայեր են ապրում՝ ներառյալ նաև Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները, ուստի Լոս Անջելեսի համար չափազանց կարևոր էր 154-րդ բանաձին աջակցելը: