ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան այս շաբաթ քննարկելու են Ռուսաստանի հանդեպ ավելի խիստ պատժամիջոցների կիրառման հարցը, եթե Ուկրաինայի արևելքում շարունակվեն հրադադարի խախտումները: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:
Նուլանդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան անհանգստացած են Դոնեցկի օդանավակայանի մոտ հնչող պարբերական կրակոցներով և Մարիուպոլում տիրող իրավիճակով:
«ԱՄՆ-ն իր եվրոպական գործընկերների հետ միասին շարունակելու է պատժամիջոցային քաղաքականությունն այնքան ժամանակ, մինչև Մինսկի համաձայնագրի դրույթները լիովին կիրառվեն: Միայն այդ համաձայնագրի դրույթների ամբողջական կատարման ժամանակ ԱՄՆ-ը և Եվրոպան որոշում կկայացնեն պատժամիջոցների հարցը վերանայելու վերաբերյալ»,- հայտարարել է Նուլանդը ամերիկյան Կոնգրեսում իր ելույթի ժամանակ:
Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես նախազգուշացրել էր Ռուսաստանին, որ վերջինի դեմ հավելյալ պատժամիջոցներ կկիրառվեն Ուկրաինայում հայտարարված հրադադարի ռեժիմի չպահպանման դեպքում: