Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դասագրքերը գրելիս հաշվի ենք առել, որ 5-րդ դասարանցիների առնվազն կեսը չի հասկանում կարդացած տեքստը». Սմբատ Գոգյան

01:36, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2023 թ.
«Դասագրքերը գրելիս հաշվի ենք առել, որ 5-րդ դասարանցիների առնվազն կեսը չի հասկանում կարդացած տեքստը». Սմբատ Գոգյան

Ֆիզիկամաթեմատիկական Գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանը գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ. «Դասագրքերը գրելիս հաշվի ենք առել, որ 5-րդ դասարանցիների առնվազն կեսը չի հասկանում կարդացած տեքստը։ Այսինքն աշակերտներին պետք է նախ սովորեցնել տեքստի իմաստը հասկանալ։ Դպրոցում երբեք չդասավանդած մանկավարժ մեթոդիստները կամ բուհական դասախոսները կարող է համարեն, որ դասագրքերի լեզուն չափից դուրս պարզ է, բայց իրականում հաշվի են առնված երեխաների տարիքային առանձնահատկությունը և մեր հանրակրթության արդի վիճակը։
     Իհարկե, ինձ համար ավելի հեշտ էր գրել խիստ գիտական և բարդ դասագիրք, քանի որ գիտնականին ավելի հեշտ է կարճ, կոնկրետ ու փաստերով գրել, քան թե կիրառել մանկավարժական հնարքներ ու դասագրքի միջոցով զրուցել դպրոցականի պես։ Ամենակարևոր հարցն էր, գրել իմ պատկերացրած իդեալական կարողունակությունների վրա հիմնված դասագիրքը, թե՞ գրել այժմ դպրոցի դասագրքերին նման, բայց կարողունակությունների զարգացման որոշ չափաբաժին պարունակող գիրք։ Չէ՞ որ ուսուցչին լրիվ օտար դասագիրք գրելու դեպքում ռիսկ կա, որ ուսուցիչը պարզապես կհրաժարվի այն օգտագործել ու կանցնի հին դասագրքերին։ Դրա համար իմ խնդրանքով Վահրամ Սողոմոնյանը հանդիպում կազմակերպեց գերմանացի մասնագետի հետ, որն իր հերթին մաթեմատիկայի դասագրքի հեղինակ է։ Մասնագետը պատմեց, որ 2000-ականների սկզբին Գերմանիայում կտրուկ անցում կատարեցին դեպի կարողունակությունների զարգացում և գրեցին շատ որակյալ դասագրքեր։ Արդյունքում ուսուցիչները դժվարացան այդ գրքերն օգտագործել ու կառավարությունը ստիպված նահանջ կատարեց։ Մշակեցին ժամանակացույց ու անցումը կատարեցին քայլ առ քայլ, մի–քանի տարին մեկ բարձրացնում են դասագրքերին ներկայացվող կարողունակությունների նվազագույն պահանջը։ Երկու տասնամյակ անց դեռևս չեն հասել իրենց նպատակին։ Այս զրույցն ամրապնդեց մտավախությունս, դրա համար էլ գրել ենք այնպիսի դասագիրք, որը մի՛ կողմից հարազատ լինի ուսուցիչներին, մյուս կողմից էլ շատ բաների նայվի նորովի։ Ստացվել է թե ոչ, ժամանակը ցույց կտա։ Հուսով եմ, որ տարիներ անց դասագիրքը կդառնա ուսուցիչների կողմից ընդունված ու հեղինակներս կկատարենք հաջորդ քայլը՝ գրել մեր երազած դասագիրքը»:

Աղբյուրը` Սմբատ Գոգյան
11792 | 0
Facebook