Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

«Կուրսայիններ ու ռեֆերատներ վաճառող կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելել». Հովհաննես Հովհաննիսյան

13:05, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
«Կուրսայիններ ու ռեֆերատներ վաճառող կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելել». Հովհաննես Հովհաննիսյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել և արգելել կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները և այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը։ Ըստ նախագծի՝ գիտական ուսումնասիրություններ ու ատենախոսություններ պատրաստելու պարտադիր նախապայման է սովորողի կամ հետազոտողի ինքնուրույն աշխատանք կատարելու հանգամանքը։ Մինչդեռ գովազդի տարբեր միջոցներով անարգել տարածվում են ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային և այլ ավարտական աշխատանքներ կատարելու, գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու ծառայություններ, որոնք ուղղակիորեն միջամտություն են կրթության և գիտության արդյունքների կեղծմանը, հետևաբար նաև հարված` որակի ցուցանիշներին, շրջանավարտի իրական ձեռքբերումներին ու աշխատաշուկայում վստահության նվազեցմանը։

«Հեծանիվ հնարելու խնդիր չկա. պետք է էլեկտրոնային կառավարման համակարգ ներդնել ու էդտեղ տեղադրել հակապլագիատ գործիքներ, երբ ուսանողը ներբեռնում է իր աշխատանքը, պլագիատը միանգամից հայտնաբերվում է: Այսօր ակադեմիայի պատին կարող եք տեսնել kursayin.am և նմանատիպ աշխատանքների գովազդ, ավելին, որոշ տեղեր նույնիսկ արտագրություններ կան գումարով: Նմանատիպ կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելել»,- ասաց Հովհաննիսյանը:

«Ցածր գնահատականներով երեխային ընդունում ենք բուհ, հնարավորություն ենք տալիս մի քանի անգամ վերահանձնել քննությունները, մի կերպ գոյությունը քարշ ա տալիս 4 տարի: Հաշվարկե՞լ եք՝ քանի ուսանող կմնա, եթե այս միջոցներն ամբողջ խստությամբ կիրառենք»,- հարցրեց պատգամավոր Էդգար Առաքելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

| | |
1257 | 0
Facebook