Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շատերը կասեն, թե Բագրատ Սրբազանը ռիսկ էր»․ Հակոբ Բադալյան

16:48, ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
«Շատերը կասեն, թե Բագրատ Սրբազանը ռիսկ էր»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Բագրատ Սրբազանի դերի մասին:
     Փորձենք նայել իրերի դրությանը մի նոր կողմից, որտեղ գուցե «քիչ մարդ» կա: Ինչպես արդեն իսկ առաջին օրը հայտնել եմ կարծիքս, պարզապես, թող ներվի ասել՝ քստմնելի է այն արշավը, որ սկսվեց նրա դեմ: Այդ առնչությամբ արտահայտվել էի Տելեգրամում եւ հետաքրքրվողները կարող են գտնել այնտեղ:
     Հիմա, մյուս կողմից կարծում եմ, որ այդ արշավի մասնակիցներից դուրս, պետք է հասկանալ կազմակերպիչներին, այսպես ասած «մտահղացման հեղինակների» մոտիվը:
     Կարծում եմ, այն արդարացվել է լիովին: Իսկ ո՞րն էր այդ մոտիվը: Սրբազանի դեմ արշավով ստանալ նրանից «կուռք» կերտելու այսպես ասած «հակառակ էֆեկտ»: Խթանիր մի ծայրահեղություն, որ ստանաս՝ մյուսը, քեզ անհրաժեշտը:
     Շատերը կասեն, թե Բագրատ Սրբազանը ռիսկ էր, որովհետեւ կարող էր համախմբել ժողովրդին, հեղինակություն էր, եւ այլն, եւ այլն: Դարձյալ, ինչպես նշել եմ, Սրբազանը մեր եկեղեցու պատվելի հայրերից է, բայց, եթե նա ներկայացնում է ռիսկ, ապա նրա դեմ քստմնելի արշավը այլ բան, քան այդ ռիսկի մեծացում, չի տա: Բայց, մտածել, թե տեղեկատվա-քարոզչական մոդելավորումն իրականացնողները տգետ են, չգիտեն հաշվել, մեղմ ասած մոլորություն է:
     Այդ դեպքում, ինչու՞ մեկով խթանել մյուս ծայրահեղությունը եւ «կուռք» կերտել Սրբազանից:
     Որեւէ մեկից բխող որեւէ գործնական մարտահրավեր չեզոքացնելու ամենակարճ եւ հուսալի ճանապարհը նրանից «կուռք» կերտելն է, հատկապես բավականին բարդ ու բախտորոշ իրավիճակներում: Որովհետեւ «կուռքը» կամա, թե ակամա, դառնում է հանրային էներգիայի որեւէ ներուժի «շանթարգել»՝ վերցնելով այն իր վրա: Իսկ հետո, որպես կանոն, մնում են դրա ծանրության տակ՝ բոլոր «կուռքերը»:
     Կարծում եմ, որ Սրբազանը առավել քան լավ պետք է պատկերացնի այդ ճանապարհի խոտորությունը, եւ թույլ չտա, որ հանրային որեւէ բողոք առաջնորդելու քաղաքական պատասխանատվության փոխարեն, ձեւավորվի «կուռք»՝ ի դեմս իրեն:
     Հ.Գ. մեկնաբանությունների բաժինը փակում եմ, որովհետեւ գրառմանս առիթը մտածելու տեղիք տալն է, այլ ոչ թե ոմանց՝ ավանդական անմտածել մեկնաբանությունների»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
2539 | 0
Facebook