«Կհանդիպեմ բոլոր ցմահ դատապարտյալներին». Արտակ Զեյնալյան
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ունեցած իմ ելույթից ներկայացնեմ հիմնական ասելիքս. Ցմահ դատապարտյալների հետ կհանդիպեմ իմ հերթական այցի ընթացքում: Կհանդիպեմ բոլոր դատապարտյալներին՝ անկախ նրանից՝ իրենք ինձ հետ հանդիպում ակնկալում են, թե ոչ ու անկախ նրանից՝ իրենք հացադուլի մեջ են, թե՝ ոչ: ՔԿՀ-ից ազատ արձակված անձը երկու ամիս նպաստ կստանա. մենք հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի անձը, որը քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվում, երկու ամիս նպաստ ստանա, որպեսզի այդ ընթացքում նա կարողանա գտնել աշխատանք և ստիպված չլինի դիմել հանցագործության: Դեռևս չկան վիճակագրական տվյալներ, սակայն մենք՝ բացի օրենքով նախատեսված մեր լիազորությունները կատարելուց, ջանքեր ենք գործադրել, որ համաներված անձանցով հետաքրքվեն ու զբաղվեն սոցիալական մարմինները, ՏԻՄ մարմինները: Համաներումով ազատ չեն արձակվել այն անձինք, որոնք մեկ անգամ ներվել են կամ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել և կրկին հանցանք են կատարել: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում սննդի որակը լավացել է։ Իմ այս համոզման համար հիմք են ծառայում իրավապաշտպանների, դատապարտյալների և նրանց հարազատների հայտարարությունները։ Քրեակատարողական հիմնարկներում պակասել է հանձնուքների թիվը, իսկ հացի որակը էապես բարելավվել է։ Ես անձամբ այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ, փորձում ուտելիքը և անձնական զրույցներ վարում կալանավորների հետ այս թեմայով ։ Վերանայում ենք հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են պատժի կրման հետ»: |