«Կառավարությունը տեղային լուծում է տվել՝ թույլատրելով սահմանին կուտակված աջ ղեկով շուրջ 800 մեքենաների ներմուծումը Հայաստան»,- այսօր կառավաության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ դա թույլ տվեց, որպեսզի մեր տնտեսվարողների գումարների վատնում տեղի չունենա:
Հարցին՝ թե ի՞նչն էր պատճառը, որ երկար ժամանակ լուծում չէր տրվում խնդրին, Հ. Արշակյանը պատասխանել է. «Մենք վարորդների հետ բանկացությունների մեջ էինք, խնդրում էինք նրանց ասել, թե ինչ ծավալի մեքենաների մասին է խոսքը, որպեսզի հասկանանք՝ ինչպիսի լուծում տանք: Երկար ժամանակ չէինք կարողանում այդ ծավալների մասին ճշգրիտ ինֆորմացիա ստանալ: Դեկտեմբերին իրենց կողմից ներկայացվեց հստակ թիվ, թե որքան են կուտակված մեքենաները. պարզվեց՝ 800»,- մանրամասնեց նախարարի պաշտոնակատարը՝ տեղեկացնելով, որ այդ ծավալները չգերազանցելու նպատակով, օրենքով հստակ սահմանափակումներ են լինելու:
«Ինչպես արգելված էր աջ ղեկով մեքենաների ներկրումը, այնպես էլ արգելված մնում է: Այդ օրենքի փոփոխության նախագիծն ընդամենը թույլ է տալիս սահմանին կուտակված մեքենաները ներս գան: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ նոր գնումներ չկատարեն, որպեսզի մենք նորից փաստի առաջ չկանգնենք»,- հայտարարեց Հակոբ Արշակյանը:
Հիշեցնենք, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքում էին, որ Բագրատաշենի անցակետում և Վրաստանում կուտակված աջ ղեկերով մեքենաները չեն թույլատրում հատել սահմանը: Նրանք պահանջում էին կառավարությունից խնդրին անհապաղ լուծում տալ: