Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լիաթոք չեմ կարող ուրախ լինել, քանի որ սա բելառուս ծանրորդի դժբախտությունն է». Տիգրան Վարդանի Մարտիրոսյանն՝ օլիմպիական խաղերի արծաթե մեդալի մասին

19:40, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
«Լիաթոք չեմ կարող ուրախ լինել, քանի որ սա բելառուս ծանրորդի դժբախտությունն է». Տիգրան Վարդանի Մարտիրոսյանն՝ օլիմպիական խաղերի արծաթե մեդալի մասին

Այսօր հայտնի դարձավ, որ 2008-ի Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն, 2006 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, հավանաբար, կարժանանա օլիմպիական խաղերի արծաթե մեդալին։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IWF-ի հրապարակման մեջ նշվում է, որ 2008-ի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Բելառուսի ներկայացուցիչ Անդրեյ Ռիբակովի դոպինգ-փորձանմուշը դրական արդյունք է տվել, և նա ժամանակավորապես որակազրկվել է։ Եթե դոպինգի առկայությունը հաստատվի, ապա Ռիբակովը կզրկվի արծաթե մեդալից, որը կփոխանցվի Տիգրան Մարտիրոսյանին։
    


     Անվանի ծանրորդը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսեց իր զգացումների մասին․

«Մի քիչ առաջ եմ տեղեկացել։ Ճիշտն ասած՝ տանը չէի, հեռախոսս տանն էի թողել։ Վերադարձա տուն, հեռախոսս միացրեցի, տեսա շատ են զանգել, հետ զանգեցի, այդպես էլ իմացա։ Ուրախ եմ իհարկե, բայց լիաթոք չեմ կարող ուրախ լինել, քանի որ դա ինչ-որ մարզիկի դժբախտությունն է, այս դեպքում բելառուս ծանրորդի։ Չեմ կարող չնշել, որ 8 տարի անց օլիմպիական խաղերի արդյունքների վերստուգումն անընդունելի է ինձ համար, իմ կարծիքով՝ նաև շատերի։ Բայց դա մեր ձեռքում չէ, ոչինչ չենք կարող փոխել։ Ուղղակի օլիմպիական խաղերը միշտ առանձնացել են նրանով, որ դոպինգ-ստուգումը հենց այն քաղաքում է եղել, որտեղ անց են կացրել մրցումներն, իսկ հիմա անցել է արդեն 8 տարի՝ նոր որոշումներ ու փոփոխություններ։ Նախկինում, եթե անգամ մարզիկը որակազրկվելու է, նա իմանում էր 2-3 օր անց, այսինքն տարիներ չէր անցնում, հետո նոր իմանում էր։ Կարծում եմ՝ այդքան ժամանակ անց իմանալն ավելի սուր է մարզիկի համար։ Տարիներ շարունակ ապրես այդ հոգեվիճակով ու հետո չլինի մեդալդ։ Չգիտեմ, զգացմունքային առումով բարդ է։ Կարծում եմ՝ սա ընդունելի տարբերակ չէ»,- նշեց Մարտիրոսյանը։
    

Մարզական կարիերան ավարտելուց հետո Տիգրանը երկրում չէր, մեկ տարի առաջ է վերադարձել հայրենիք․

«Հիմա Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ եմ։ Մոտ մեկ տարի առաջ եմ Ռուսաստանից վերադարձել, արդեն մի քանի ամիս է, ինչ դպրոցում եմ աշխատում»։

Հարցին, արդյոք չի ցանկանում ծանրամարտի մարզիչ աշխատել, Տիգրանը պատասխանեց, որ դեռ որոշում չի կայացրել․

«Մարզիչ լինելը մեծ պատասխանատվություն է և դրա համար ծանրակշիռ որոշում է պետք։ Դեռ չեմ որոշել աշխատելու եմ այդ ոլորտում, թե ոչ»։

Զրույցի վերջում Տիգրանը շնորհավորեց մեր մարզիկներին՝ Ռիոյի օլիմպիական խաղերին մեդալներ նվաճելու կապակցությամբ․

«Ուզում եմ մեր ազգին շնորհավորել այս հաղթանակների կապակցությամբ։ Մեր մարզիկներին շնորհավորել, որ բոլորիս երջանկացրեցին։ Առանձնահատուկ շնորհավորում եմ Արթուրին, որովհետև նա 20 տարի անց օլիմպիական ոսկի բերեց։ Եվ մյուս մեդալակիրներին` Սիմոնին, Գոռին և Միհրանին, նրանք հերոս տղաներ են։ Իհարկե բոլորս տեսանք թե ինչ կատարվեց Միհրանի գոտեմարտի ընթացքում, նա ոսկե մեդալի էր արժանի»,- եզրափակեց Մարտիրոսյանը։
    
     Կատարինե Այդինյան

7208 | 0
Facebook