Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Քաղցրի պակաս ունենում են դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ, զինծառայողներն ու սիրո կարիք ունեցող անձինք

21:35, երեքշաբթի, 24 մարտի, 2015 թ.
Քաղցրի պակաս ունենում են դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ, զինծառայողներն ու սիրո կարիք ունեցող անձինք

Բժշկական վերլուծության համաձայն` քաղցրի պակաս են ունենում հիմնականում դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ, ինչպես նաև զինծառայողներն ու սիրո կարիք ունեցող անձինք:

«Զինծառայողները չափազանց շատ էներգիա են ծախսում և լավ չեն սնվում, իսկ սովը բավարարելու ամենահեշտ ձևը` դա քաղցր օգտագործելն է»,- այս մասին ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցին տեղեկացրեց սննդաբան Հասմիկ Աբովյանը: Իսկ սովորական մարդկանց մոտ, սննդաբանի խոսքով` անսովոր քաղցրի պահանջները տարբեր են: «Ամենագլխավոր պատճառն այն է, որ նրանք ունեն շատ մեծ քանակով կուտակված ինսուլին: Սկզբում մարդիկ քաղցրն ուտում են, նրանց մոտ շատ ինսուլին է արտադրվում, դա հանգեցնում է նրան, որ արյան շաքարը արագ ընկնում է, իսկ երբ արյան շաքարն ընկնում է, մարդը կատաղի սով է զգում և քաղցրի ու խմորի պահանջ է ունենում: Նա սկսում է ուտել քաղցր, ինչի հետևանքով նորից արտադրվում է ինսուլին, և պրոցեսն անընդհատ շարունակվում է: Քիչ-քիչ հյուսվածքները դառնում են ռեզիսդենդ, այսինքն` անընկալ այդ ինսուլինի հանդեպ»,- պարզաբանեց մասնագետը: Նրա խոսքով` այդ շատ քանակի ինսուիլինը, որն անընդհատ մարդուն ստիպում է քաղցածություն զգալ, նա տրամաբանորեն շարունակում է քաղցրն ուտել: Սննդաբանի բնորոշմամբ` գերնորմալ քաղցրի պահանջ ունենալու ամենահիմնական պատճառը ինսուլինի ավելցուկն է օրգանիզմում:
     Հասմիկ Աբովյանը համակարծիք է, որ եթե մարդը դեպրեսիայի մեջ է, ձգտում է ուտել քաղցր: «Նա քաղցր ուտելով ինքն իր մոտ կեղծ տպավորություն է ստեղծում, բայց դա շատ կարճատև է: Կան այլ մթերքներ, որոնցով կարելի է քաղցրը փոխարինել դեպրեսիայի ժամանակ: Իրական օգնություն են տալիս դառը շոկոլադը, օրեկան կարելի է օգտագործել մինչև 20 գրամ, կանաչ թեյը, այն մթերքները, որոնք չեն բերի գիրացման, բայց իրականում դեպրեսիվ վիճակն ահագին կթեթևացնեն»,- մանրամասնեց մասնագետը:


     Իսկ հոգեբան Էլդա Գրինը կարծում է, որ քաղցրի պահանջ ունենալու պատճառը խիստ անհատական է, և տարածել բոլորի վրա պետք չէ: «Զինծառայողների մոտ սիրո, խնամքի ու մեղմ վերաբերմունքի պակաս կա, բայց կարծում եմ, դա ավելի շատ հոգեբանական խնդիր է, որը փորձում են լրացնել քաղցր ուտելով»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էլդա Գրինը: «Պետք է նախ պարզել` դա հոգեբանական խնդիր է, թե` օրգանիզմի պահանջ: Դա շատ անհատական է»,- ամփոփեց հոգեբանը:

9793 | 0
Facebook