Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոմանք սարսափում են մահից, իմ աչքում նա մի մեծ բարիք է». այսօր Նիկոլ Աղբալյանի ծննդյան օրն է

16:25, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
«Ոմանք սարսափում են մահից, իմ աչքում նա մի մեծ բարիք է». այսօր Նիկոլ Աղբալյանի ծննդյան օրն է

«Երկար ապրելու չէք. ամենաշատը հարիւր տարի. ուրիշ անգամ աշխարհ գալու չէք. ա՛յս է, որ կայ. յետոյ գալու է յաւերժական խաւար և հանգիստ: Պէտք է խաղաղ ու սիրով անցնել կարճ ճամբան. հաշտ ու համերաշխ: Եթէ մարդիկ սովորութիւն դարձնեն վշտի, բարկութեան, սրտնեղութեան և սրանց նման պահերին անդրադառնալ, որ առջևները մահ կայ՝ ամէն ինչ կը դիւրանայ և անսահման ներողամտութեամբ կը համակուեն ու թեթև կþապրեն այս աշխարհում: Ոմանք սարսափում են մահից, իմ աչքում նա մի մեծ բարիք է, որ անհունօրէն բարձրացնում է ամէն մի վայելքի և հաճոյքի արժէքը: Եթէ մտածենք, որ այսօրը անցնում է և վերադարձ չունի՝ պիտի զղջանք, որ այդ անցնող օրը դառնութիւն բերեց մեր պատճառով սրան կամ նրան, բայց մանաւանդ մեր սիրածին»:

Նիկոլ Աղբալյան

Հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ, ՀՅԴ կուսակցության անդամ Նիկոլ Պողոսի Աղբալյանը ծնվել է 1875 թ.մարտի 24-ին, Թիֆլիսում:

Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև՝ Գևորգյան ճեմարանում։ Ուսանել է Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի համալսարաններում։ Ուսուցչություն է արել Կաղզվանում, Շուշիում, Թիֆլիսում և այլուր։ Առաջին աշխարհամարտի սկզբից դարձել է Ազգային բյուրոյի, ապա՝ խորհրդի և կամավորական գնդերի կարգադրիչ անդամ, զբաղվել է հայ գաղթականների տեղափոխման հարցերով։ 1918-1920 թվականներին եղել է ՀՀ խորհրդարանի անդամ, իսկ 1919 թվականին նշանակվել է լուսավորության և արվեստի նախարար։

Եղել է Վերնատան և Հայ գրողների ընկերության անդամ։ Աշխատակցել է «Մուրճ», «Հորիզոն», «Նոր Հոսանք», «Հանդես ամսօրյա» և այլ պարբերականներին։

«Ինչ պիտի տար սրտնեղութիւնը, վիրաւորանքը, անուշադրութիւնը, արհամարհանքը, մռայլ կնճիռը, զայրացկոտ խօսքը, յարգանքի պակասը, հնարաւորի մերժումը և սրանց նման աննշան բաները, որ խանգարում են սիրած մարդոց ներդաշնակութիւնը. յաւիտեան ապրելո՞ւ ենք, միշտ երիտասա՞րդ պիտի մնանք, դիւրի՞ն է լաւ կին ու բարեկամ գտնելը. տիեզերական ուժերը վարում են մեզ դէպի մահ, ինչո՞ւ իրար սիրտ կոտրենք այդ խուճապի մէջ, ինչո՞ւ իրար չօգնենք, իրար վրայ չգուրգուրանք, իրար չսիրենք, խէթ-խէթ իրար նայելով, իրար զարկելով, իրար սիրտ կոտրելով աւելի դանդա՞ղ պիտի վարէ տիեզերքը մեզ դէպի մահ, նա, որ չգիտէ իսկ, թէ մարդիկ սիրել ու ապրել գիտեն...»։

Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ 1921 թվականին, նախ բանտարկվել է, ապա Խորհրդային Հայաստանից տարագրվել է արտասահման։ 1930 թվականից բնակություն է հաստատել Բեյրութում և եղել է Համազգայինի Նշան Փալանճյան Ճեմարանի հիմնադիրը՝ Լևոն Շանթի հետ, որտեղ և դասավանդել է մինչև կյանքի վերջը:

Երևանում 1991 թվականից գործում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, Աղբալյանի անունով է կոչվել թիվ 19 միջնակարգ դպրոցը։

Նիկոլ Աղբալյանը մահացել է 1947 թվականին, օգոստոսի 15-ին, Բեյրութում։

5787 | 0
Facebook