Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստեփան Անդրանիկյանի հիշատակը վառ կմնա ժամանակակիցների սրտում. արվեստագետի հոգեհանգիստն այսօր է

15:15, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Ստեփան Անդրանիկյանի հիշատակը վառ կմնա ժամանակակիցների սրտում. արվեստագետի հոգեհանգիստն այսօր է

90 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ, սիրված արվեստագետ Ստեփան Անդրանիկյանը։
     Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 20-ին, Կրասնոդարի երկրամասի Մայկոպ քաղաքում: Նա 1915 թվականին Եղեռնից փրկված գաղթականների ընտանիքից էր:
     Անգերազանցելի է Ստեփան Անդրանիկյանի ներդրումը հայ կինոմատոգրաֆիայի զարգացման գործում։ Երեք տասնամյակից ավելի աշխատելով «Հայֆիլմ» կինոստուդիայում` նա ձևավորել է շուրջ 40 գեղարվեստական կինոնկարներ ու մուլտֆիլմեր, որոնցից են հանրահայտ «Տժվժիկը», «Ճանապարհ դեպի կրկեսը», «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Մխիթար Սպարապետը» և ուրիշներ:
     1970-1982 թվականներին Ստեփան Անդրանիկյանը «Հայֆիլմի» մուլտստուդիայի գեղարվեստական ղեկավարն էր: Որպես բեմադրող ռեժիսոր, նա նկարահանել է 6 անիմացիոն ֆիլմ՝ «Արևի հարսնացուն», «Կախարդական լավաշ», «Վին Պինգվինը», որոնք արժանացել են մրցանակների միջազգային փառատոներում: Նա մեծ աշխատանք է կատարել Հայաստանում անիմացիոն ֆիլմի զարգացման և երիտասարդ կադրեր պատրաստելու գործում. ստեղծագործելուն զուգահեռ` զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդել է սկզբում Գեղարվեստաթատերական, ապա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ բեմադրիչներին:
     Ստեփան Անդրանիկյանը մշտապես զբաղվել է գեղանկարչությամբ՝ ստեղծել հայ մտավորականների ու իր մտերիմ մարդկանց դիմանկարների շարքեր, նատյուրմորտներ ու բնանկարներ, որոնք ամփոփում են աշխարհի ու մարդու մասին արվեստագետի մտորումները, իր արտիստիկ խառնվածքի յուրահատկությունը: Նրա գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներին արվեստասեր հանրությունը հաղորդակցվել է Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված անհատական ցուցահանդեսներում (1978 թ., 1982 թ., 2003 թ., 2014 թ.):
     Ստեփան Անդրանիկյան-արվեստագետի հիշատակը վառ կմնա մտերիմների, գործընկերների և ժամանակակիցների սրտերում:
     ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ստեփան Անդրանիկյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
     Ստեփան Անդրանիկյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր` փետրվարի 20-ին, ժամը 18:00-20:00` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` փետրվարի 21-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի նկարիչների միության շենքում: Հուղարկավորությունը` փետրվարի 21-ին, ժամը 14:00-ին, Երևանի Շահումյանի գերեզմանատանը:

2049 | 0
Facebook