ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման այս գիշեր հանդես է եկել երկրի նախագահի պաշտոնում հանրությանն ուղղված վերջին ուղերձով, որում նա ամփոփել է նախագահության 8 տարիները:
Ըստ Օբամայի` արդյունքները բավական դրական են` ընդհանուր ջանքերի շնորհիվ «Ամերիկան ավելի լավն ու ավելի ուժեղ է դարձել»` 2009-ի համեմատ:
Օբաման խոսել է ամերիկյան դեմոկրատիայի հզորության և արտաքին ու ներքին սպառնալիքներից այն պաշտպանելու անհրաժեշտության մասին: Սպառնալիքների շարքում առաջին սևամորթ նախագահն առանձնացրել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն ու «արտասահմանյան մի քանի մայրաքաղաքներում գործունեություն ծավալող բռնակալներին»:
Ռուսաստանին ու Չինաստանին Օբաման անվանել է Միացյալ Նահանգների գլխավոր մրցակիցներ, որոնք, սակայն, համաշխարհային ազդեցությամբ չեն կարող համեմատվել ԱՄՆ-ի հետ:
Նախագահական պաշտոնում վերջին ելույթով Օբաման դիմել է նաև իր կնոջը: Նա հուզմունքը չթաքցնելով ասել է. «Անցած 25 տարվա ընթացքում դու եղել ես ոչ միայն իմ կինն ու երեխաների մայրը, այլև՝ լավագույն ընկերս: Դու ստանձնեցիր մի պարտականություն, որի մասին չէիր երազում, բայց յուրացրիր այդ դերը մեծ վեհությամբ ու քաջությամբ: Դու ստիպեցիր ինձ և ամբողջ երկրին հպարտանալ»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: