Հեղափոխական, ռոմանտիկ, ռեկորդակիր, այսպես են բնորոշում լեգենդար Կաստրոյին, ով
90 տարեկանում կնքեց իր մահկանացուն:
Կուբայի նախկին առաջնորդը վերջին անգամ հանրությանը ներկայացել է ընթացիկ տարվա ապրիլին: Լրագրողներն այդ օրվա նրա ելույթն անվանեցին «հրաժեշտի» ու... այդպես էլ եղավ: Կաստրոն գարնանը հայտարարեց, որ հնարավոր է` այլևս չկարողանա խոսք ասել, ուստի կոչ արեց կողմնակիցներին այնպես անել, որ իր գաղափարներն ապրեն նաև իր մահից հետո. «Ինձ թվում է` մարդ չպետք է շարունակի ապրել, երբ սկսում է նկատել, որ տարիներն իրենից ուժեղ են դառնում, իսկ սրտից բխող կրակը թուլանում է և սկսում դողալ: Հիմա զբաղվում եմ նրանով, ինչ պետք է անի ծեր մարդը` կարևորություն ունեցող բաների մասին մտածել ու գրել: Ես շատ կիսատ թողած նյութ ունեմ»,- հայտարարեց նա:
Հեղափոխականի մտքերն ու կյանքի կանոնները. Եթե մահափորձից հետո կենդանի մնալն օլիմպիական մարզաձև լիներ, ես այդ մարզաձևից ոսկե մեդալի կարժանանայի:
Դատապարտե՛ք ինձ: Դա նշանակություն չունի: Պատմությունն ինձ արդարացնում է:
Ես հեղափոխությունը սկսել եմ՝ ունենալով 82 զինակից: Եթե հարկ լիներ կրկնել դա, ինձ բավական կլիներ 15-ը, կամ նույնիսկ տասը: Տասը մարդ և բացարձակ հավատ: Կարևոր չէ, դուք քանիսն եք: Կարևորը հավատալն է ու հստակ ծրագիր ունենալը:
Մարդկությունն արդարության ծարավի է:
Աշխարհն հիմա շատ առանձնահատուկ փուլ է մտել, ու դեռ պետք է տեսնել, թե ինչպես է նա դրանից դուրս գալու:
Կապիտալիզմը զզվելի է։ Այն իր հետ բերում է միայն պատերազմ, կեղծավորություն և մրցակցություն։
Երբ կանհետանա թալանի փիլիսոփայությունը, այդժամ կանհետանա նաև պատերազմի փիլիսոփայությունը:
Կինն ամենանուրբ էակն է, նա սուրբ ու անխախտ պաշտամունք է տղամարդու սրտում: