Հոկտեմբերի 28-ին` Կամերային երաժշտության պետական թատրոնում կկայանա լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» ներկայացման առաջնախաղը: Բեմադրող ռեժիսոր և երաժշտության հեղինակ Արմեն Մարգարյանն արդեն տասը տարի է, ինչ ուսումնասիրում է Մրոժեկի ստեղծագործությունները: «Հենց այս գործն ընտրեցի, քանի որ առաջին ընթերցումից ինձ շատ հուզեց նրա իրոնիկ մոտեցումը պատերազմին: Հիշում եմ, թե ինչպես 92-ին` Ղարաբաղյան շարժման ժամանակ, երբ երեխա էի, մեծերը մեր` երեխաներիս համար փորձում էին ստեղծել ինչ-որ պատրանք, հեքիաթ, որպեսզի քողարկեն պատերազմ կոչվող արհավիրքը»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ռեժիսորը: Նա նշեց, որ մեր իրականության հետ զուգահեռներ տանելու հատուկ միտումը չկա, պիեսը քաղաքականացված չի, պարզապես խնդիրը շատ արդիական է:
«Որպես քաղաքացի և հայ մարդ, չեմ կարող անտարբեր մնալ սահմանում կատարվող իրադարձություններին: Բացի այդ, այս ներկայացմամբ ուզում եմ ցույց տալ իմ մանկությունը, ինչ-որ հուշեր վերարտադրել»,- նշեց Արմենը: Նրա կարծիքով` ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում արդիական է խնդիրը. «Այսօր սահմանների հարցն է դրված աշխարհով մեկ»:
Թատրոնի խնդիրը հարցեր բարձարացնելն է, և այս առումով երիտասարդ ռեժիսորը հետաքրքիր գիտափորձ է գտել. «Սովորաբար ներկայացման սկզբում են հնչում հարցերը, ես որոշեցի հակառակն անել. ներկայացման պատասխանները տրվում են սկզբում, իսկ հարցերը մնում են ավարտին...»: