Ինդոնեզիայում գտնվող Կելիմուտու հրաբխային լեռան խառնարանն աշխարհի միակ վայրն է, որտեղ կողք կողքի տեղակայված են տարբեր գույն ունեցող 3 լճեր։ Տարբեր գույներ ունենալու պատճառն այն է, որ հրաբխային ծագման լճերի ջրերը քիմիական տարբեր բաղադրություններ ունեն։ Տեղաբնակների համոզմամբ` մահացած մարդիկ իրենց վերջին հանգրվանն են գտնում հենց այս լճերում։
Տեղաբնակները վստահեցնում են, որ Տիվու-Աթա-Մբուպու (ծերունիների) կապույտ լճում իրենց անդրշիրիմյան հանգիստն են վայելում ծեր տարիքում մահացած մարդկանց հոգիներն, ովքեր երկրային կյանքում բարի են եղել և արժանապատվորեն ապրել այդ կյանքը։
Տիվու-Նուա-Մուրի-Կոխ-Թայի (պարմանուհիների և պարմանիների) կանաչ լճում ամփոփված են մանուկ կամ պատանի հասակում կյանքից հեռացած անմեղ աղջիկների ու տղաների հոգիները։
Իսկ արնակարմիր Տիվու-Աթա-Պոլո (կախարդված) լիճը լցված է դաժան, անպետք, մարդասպան, անբարո և նման վատ հատկանիշներ ունեցող մարդկանց հոգիներով։ Այս լիճը երբեմն փոխում է իր երանգը` դառնալով սև։