«Ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում է եղել, իսկ այսօր, մի հայ սպայի թեթև ձեռքով, հաշմանդամ է դարձել ու անօգնական վիճակում հայտնվել». զինծառայողի հարազատները բողոքում են
Արցախում` 2016-ի հունիսի 24-ին ծանր վիրավորում ստացած Ալբերտ Դալլաքյանի հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել հրամանատար Ավագ Նահապետյանին: Զինծառայողի մայրը` տիկին Արմինեն, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ 2015-ի հուլիսի 20-ից իր որդին ծառայել է Հադրութի զորամասում: Ըստ մոր հայտնած տեղեկությունների՝ տղան 2016-ի հունիսի 24-ին գտնվել է մարտական հերթապահության մեջ (մարտական հերթապահությունը պետք է ավարտվեր հուլիսի 1-ին) և ժամը 19:00-ի սահմաններում հանձնել է դիրքը: Մարտական հերթապահությունն ավարտելուց հետո դիրքի ավագ, հրամանատար Ավագ Նահապետյանը, ըստ զինծառայողի հարազատների հայտնած տեղեկության, զենքի հետ անզգույշ վարվելու կամ դիտավորյալ կրակոցի արձակման հետևանքով վիրավորել է Ալբերտ Դալլաքյանին: Վերջինը 2016-ի հունիսի 27-ին վիրահատվել է Ստեփանակերտի հոսպիտալում, որից հետո տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ, ներկա պահին գտնվում է Կարմիր խաչում: «Առողջ տղայիս բանակ եմ ուղարկել, հիմա հաշմանդամ է դարձել: Պատճառն այն է, որ սպան կրակել է, չեմ հասկանում՝ ինչ սպա է, որ զինվորի ուղղությամբ պահում և կրակում է: Մինչև օրս այդ սպան չի եկել, չի հետաքրքրվել՝ տղաս ինչ վիճակում է: Միայն սպայի մայրն է եկել Կարմիր խաչ ու մեզ համոզում էր, որ չբողոքենք, ասում էր, որ իր տղան անզգուշաբար է կրակել: Ինչպե՞ս կարող է սպան զենքը վերցնել ու շատ պատահական կրակել: Արդեն երեք ամիս է անցել, գործում որևէ տեղաշարժ չկա»,- ասաց տիկին Արմինեն: |