Ուկրաինայի դեմ պատերազմում ռուս զինվորականների մասնակցության բավականաչափ ապացույցներ են հավաքվել, այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) ղեկավարի խորհրդական Յուրի Տանդիտը՝ մեկնաբանելով տվյալ հարցով միջազգային դատարան դիմելու հնարավորությունը: Մասնավորապես, ուժայինների կողմից ապացուցվել են Ուկրաինայի տարածքում ռուս զինվորականների կատարած հանցագործությունների փաստերը: «Ես կարող եմ հաստատել, որ նախագահի հայցով մենք բավականաչափ ապացույցներ կհավաքենք չհայտարարված պատերազմում ռուսական զորքերի մասնակցության վերաբերյալ, հանցանքների ապացույցներ, որոնք նրանք կատարել են մեր տարածքի վրա: Հեռանկար միշտ էլ կլինի, քանի որ մենք միայն վկայելու ենք այն մասին, որ հարևան պետությունը մեր տարածքի վրա գործում է որպես թշնամի, որպես մարդասպան»,- ընդգծել է Տանդիտը: Ապացույցների բազայի նախապատրաստմամբ զբաղվում է մի քանի կառույց: «Մի քանի կառույց կա, որոնք զբաղվում են դրանով, այդ թվում նաև ռազմական դատախազությունը: Մենք (ՈՒԱԾ՝ խմբ.) միայն հանձնարարականներ ենք կատարում և բավականաչափ ապացույցներ ունենք»,-մանրամասնել է նա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան դիմելու է միջազգային դատարան ՌԴ ագրեսիայի կապակցությամբ: