Երեկ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացնող խաղողարգործներին նախագահականից խոստացել են, որ չորեքշաբթի օրը կստանան մթերած խաղողի դիմաց իրենց հասանելիք գումարները: «Նախագահականի նամակների բաժնի աշխատակից տիկին Աիդան հինգ հոգու ընդունեց և հայտնեց, որ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը վերջնաժամկետ է նշանակել, խոստացել է, որ չորեքշաբթի կվճարեն: Ախր մենք այլևս չենք հավատում այդ վերջնաժամկետներին: Ինչպես միշտ մեզանից ժամանակ պահանջեցին ու խոստում տվեցին»,-MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արմեն Մկրտչյանը` հավելելով, որ եթե չորեշաբթի օրն էլ խաբեն, իրենք արդեն փակելու են Երևան-Արտաշատ ճանապարհը:
«Մենք ողորմություն հո չենք ուզում, մենք մեր արդար փողն ենք պահանջում…: Մարդիկ` ստիպված, հանուն իրենց երեխաների, գնում` գողություն, հանցագործություն են անում։ Այսպես ժողովուրդ չեն պահում, միայն իրենք ուտում են, ուռճացել են, ընտիր մեքենաներով ման են գալիս, դղյակները սարքել են՝ ժողովրդի քրտինքով…»,- գանգատվեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կառավարության մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ քաղցրաշենցիներ, ովքեր պահանջում էին նախորդ տարի մթերած խաղողի դիմաց իրենց գումարները։ «Վինարի» կողմից շահագործվող գինու գործարանը խաղողագործներին ավելի քան 185 միլիոն դրամ է պարտք։ Կառավարության առջև մեկ ժամից ավել ցույց անելուց հետո քաղցրաշենցի մի քանի խաղողագործների հետ հանդիպեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քննարկմանը մասնակցեց նաև «Վինարի» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն ու գործարանի տնօրենը։