Գյումրիում այսօր կշարունակվի Վալերի Պերմյակովի դատավարությունը
Այսօր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում, հավանաբար, կշարունակվեն հրապարկել մեղադրյալի նախաքննական ցուցմունքները: Նշենք, որ վերջինը, ընդհանուր առմամբ, հայ և ռուս քննիչների կողմից հարցաքննվել է 17 անգամ: Գրեթե բոլոր ցուցմունքներում նա հրաժարվել է դեպքի մասին հստակ պատասխաններ տալուց` միայն կրկնելով, որ նպատակ չի ունեցել սպանել տան անդամներին: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: |