Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի անտառների գլոբալ ծրագրերի նախագահ Նայջել Սայզերը մտահոգիչ թվեր է ներկայացրել՝ կապված մոլորակի անտառային ծածկույթի հետ: Պարզվում է, որ միայն անցած՝ 2014 թվականին Երկիրը զրկվել է 18 միլիոն հեկտար անտառային շերտից, ինչն ամենամեծ ցուցանիշն է 2001 թվականից ի վեր: Ամերիկյան գիտնականների տվյալները զարմանալի միտում են գրանցել: Պարզվել է, որ անտառահատումների ամենամեծ քանակությունը բաժին է հասել ոչ թե այն երկրներին, որտեղ մշտապես առկա է եղել այդ խնդիրը (Բրազիլիա, Ինդոնեզիա), այլ նրանց, որտեղ իրավիճակը նախկինում էյդքան էլ ահաբեկող չի եղել:
Այսպես, ամենաշատ անտառահատումներն անցյալ տարի տեղի են ունեցոլ Կամբոջայում, այնուհետև՝ Սիերա-Լեոնեում, Մադագասկարում, Ուրուգվայում, Պարագվայում, Լիբերիայում, Գվիեայում, Վիետնամում, Մալայզիայում:
Անտառային ծածկույթից հետզհետե զրկվելն աղետալի հետևանքներ է ունենում մեր մոլորակի վրա, զգուշացնում են գիտնականները: Անտառները կլանում են ածխաթթու գազը, որի ավելցուկը բարձրացնում է Երկրի ընդհանուր ջերմաստիճանը՝ հանգեցնելով գլոբալ տաքացման: