«Սա սադրանք է, որովհետև, եթե անգամ ենթադրենք, որ ռուսական ինքնաթիռը մտել է Թուրքիայի տարածք, ապա պետք է մտած լիներ մի քանի մետրով (խոցվելիս Լաթաքիայում է ընկել): Սրանով Թուրքիան հաղորդագրություն է ուղարկում ՌԴ-ին, որ դեմ է օպերացիային իր սահմանամերձ գոտում»,- թուրքական ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծիչի միջադեպի մասին է խոսել քաղաքագիտության դոկտոր
Հայկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով` սա լուրջ լարում կմտցնի ռուս-թուրքական հարաբերություններում, անգամ` առևտրաարդյունաբերական կապերի վերանայում Թուրքիայի հետ:
Թեմայի վերաբերյալ կարծիք է հայտնել նաև քաղաքագետ
Գառնիկ Իսագուլյանը: «Լարումը նոր չէր, և ինչքան էլ թվում էր` ջերմություն կա ռուս-թուրքական հարաբերություններում, այդպես չէր: Սիրիայի խնդրի հետ կապված, հատկապես արաբական գարուններից հետո, երբ Թուրքիան, Քաթարը և Սաուդյան Արաբիան պահանջում էին Ասադի հրաժարականը, ՌԴ-ն Ասադի հրավերով ռազմական ուժեր մտցրեց ու սկսեց ԻՊ գրոհայինների դեմ պայքարը, պարզ դարձավ, որ այստեղ բավականին լուրջ բախում է լինելու»: