Երևանի ավագանին այսօրվա նիստում հաստատել է՝ բանաստեղծ Վահրամ Սահակյանին, մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանին և ազատամարտիկ, հեղինակ-կատարող Դավիթ Ամալյանին Երևանում՝ Մարգարյան փողոցում գտնվող նորակառույց շենքում բնակարաններ նվիրելու որոշումը։
Հիշեցնենք, որ այս թեման քննարկումների առիթ էր դարձել համացանցում և լրատվամիջոցներում:
Հասարակության մի մասը դեմ էր, որ իրենց վճարած հարկերից բնակարան նվիրեն վերոնշյալ անձանց՝ համարելով, որ ավելի կարիքավորները կան:
Օգտատեր Կարեն Խաչատրյանն, օրինակ, գրել էր. «Ի վերջո Զառայի ձագուկների արյունը ոչ մեկի ձագուկի արյունից ավելի կարմիր չի, որ Զառայի ու մնացածների տանիքի հարցը պետք է իմ ու մնացածների կողմից վճարված հարկերով լուծվի: Ասենք՝ լիքը անտուն ու անտեսված իսկական ազատամարտիկներ կան, լուրջ արվեստագետներ կան, առանց տանիքի բազմազավակ ընտանիքներ կան: Սահմանամերձ գյուղերի տները ռմբակոծվել, փլվել են, մարդիկ առանց տանիքի են մնացել, սրանք էստեղ աջ ու ձախ նվերներ են անում ու եղած փողերը լվանում փուչիկներ ու փայլեր գնելով»:
Նշենք նաև, որ այսօրվա նիստի օրակարգում Երևան քաղաքի ավագանին հաստատել է Երվանդ Երզնկյանին, Արթուր Աբրահամին, Ռաիսա Մկրտչյանին, Ռուբեն Մաթևոսյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհելու որոշման նախագիծը: