Դանիացի հետազոտողները պարզել են, որ շատ մեծ քանակությամբ հակաբիոտիկների օգտագործումը բարձրացնում է երկրորդ տեսակի շաքարախտի առաջացման հավանականությունը: 15 տարվա ընթացքույմ այս դեղամիջոցներով բուժման 4 կուրսը 53 %-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման հավանականությունը: Սա են ցույց տալիս 1,4 միլիոն մարդկանց շրջանում իրականացված դիտարկումները: Այսպիսով, հաստատվել է ուղիղ կապը հակաբիոտիկների ընդունման և շաքարային դիաբետի առաջացման միջև:
Հակաբիոտիկները վերացնում են օրգանիզմում առկա հիվանդածին մանրէները: Երբ 1940 թվականին այս դեղամիջոցը հայտնաբերվեց, բժշկության ոլորտում իսկական հեղափոխություն տեղի ունեցավ: Սակայն հակաբիոտիկներն սպանում են նաև ստամոքսի որոշ «լավ բակտերիաներ», որոնք անհրաժեշտ են մարսողության ու նյութափոխանակության համար:
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ հենց դա է դառնում շաքարախտի առաջացման պատճառներից մեկը: Հենց «լավ բակտերիաների» պակասն է պատճառ դառնում, որ օրգանիզմն սկսում է այլ կերպ մարսել շաքարն ու ճարպը:
Նշված հետազոտության արդյունքները հրապարկվել են «Journal of Clinical Endocrinology & Metabolism» ամսագրում: