Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ատամնաքարի հետազոտությունը պարզել է՝ ինչով են սնվել մարդիկ 400 հազար տարի առաջ

19:21, երեքշաբթի, 23 հունիսի, 2015 թ.
Ատամնաքարի հետազոտությունը պարզել է՝ ինչով են սնվել մարդիկ 400 հազար տարի առաջ

Թել-Ավիվի համալսարանի հետազոտողներն Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի գործընկերների հետ համատեղ պարզել են, թե ինչով են սնվել հնադարյան մարդիկ 400 հազար տարի առաջ: Մասնագետներն անց են կացրել Իսրայելի Քեսիմ քարանձավում հայտնաբերված կաթնատամնարի և սեղանատամների ատամնաքարերի մանրամասն հետազոտություն: Արդյունքում հայտնաբերել են փայտածուխի մեծ քանակություն, ինչը վկայում է, որ այդ քարանձավը բնակեցրած մարդիկ դրա ներսում մշտական կրակ են ունեցել, ինչից կարելի է նաև ենթադրել, որ նրանք ջերմային մշակման են ենթարկել ուտելիքը:

Բացի այդ, ածխի առկայությունն ատամնաքարի մեջ համարվել է մարդու կողմից բնության աղտոտման և իր իսկ առողջությանը վնաս հասցնելու առաջին ապացույցը:

«Նման վաղեմության ատամնաքար նախկինում երբեք չի հետազոտվել, քանի որ պահպանված մնացորդների վիճակը գոհացուցիչ չի եղել,- նշել է պրոֆեսոր Ավի Գոֆերը:- Սակայն մեր բախտը բերել է, քանի որ Քեսիմ քարանձավը փակ է եղել ավելի քան 200 հազար տարի, ու բազմաթիվ արտեֆակտներ, այդ թվում և՝ ատամներ, շատ լավ են պահպանվել»:

Հետազոտողները նաև հայտնաբերել են օսլայի և էական նշանակության ճարպային թթուների աննշան քանակություն, ինչն, ամենայն հավանականությամբ, մնացել է վայրի ընկույզներից ու ձավարեղենից: «Մենք գիտեինք, որ քարանձավային մարդիկ որսացել են կենդանիներին, սպանել, տապակել, ոսկորները կոտրել, որ ուղեղը հանեն, անգամ օգտագործել են կայծքարե զենք ստանալու նպատակով,- պատմել է պրոֆեսոր Փեն Բարքայը,- սակայն մենք այժմ ապացույց ունենք, որ 400 հազար տարի առաջ մեր նախնիներն օգտագործել են նաև բուսական սնունդ»:

Նշենք, որ վերջերս հնէաբաններն ապացուցել էին նաև, որ քարանձավային մարդիկ նույնպես տառապել են կարիեսով: Այս ապացույցները գտնվել են Մարոկկոյի տարածքում Ք. ա. 15.000 և 13.700 թվականներին ապրած մարդկանց կմախքները ուսումնասիրելու ժամանակ:

14036 | 0
Facebook