«Սլավյանսկի Բազար»-ում Հայաստանը կներկայացնեն Յանա Ստեփանյանը և Սյուզաննա Մելքոնյանը
Այսօր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, տեղի է ունեցել «Սլավյանսկի Բազար 2024» ամենամյա մանկական կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը։ Չորս տասնյակի հասնող նախնական հայտերից ժյուրին ընտրել էր 9 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես են եկել 2 կատարումով։ Իսկ ժյուրին, հաշվի առնելով ունեցած տվյալները, «Սլավյանսկի բազար» հեղինակավոր մրցույթի պահանջներին ու կանոններին համապատասխան, ընտրել է մանկական կատարողների միջազգային մրցույթի հայաստանյան այս տարվա պատվիրակին։ Այսպիսով, 8-14 տարեկան տարիքային խմբում այս տարի հուլիսի 9-15-ը «Սլավյանսկի բազար 2024» 23-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 9-ամյա Յանա Ստեփանյանը, ով ժյուրիին ներկայացել է նախ Արթուր Գրիգորյանի «Կանգ առ», ապա, Ալլա Պուգաչովայի երգացանկից` Իգոր Նիկոլաևի «Այսբերգ» կատարումներով։ «Սլավյանսկի բազար 2024» 33-րդ երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, ում թեկնածությունը մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն միաձայն դրական է ընդունել։ Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական հեղինակավոր «Ну-ка все вместе» շոուում։ իսկ 2022-ին Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։ Հիշեցնենք, որ նախորդ տարի, «Սլավյանսկի բազար 2023» հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացրել է երգչուհի Մաշա Մնջոյանը և դարձել մրցույթի բացարձակ հաղթողը՝ արժանանալով «Գրան Պրի» մրցանակի: Իսկ մանկական կատարողների մրցույթում 10-ամյա Անահիտ Գալստյանը արժանացել էր երկրորդ մրցանակի։ |