Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միայն Արցախում գիտեն՝ որքան դժվար է լինելու թերսնված երեխաների համար կենտրոնանալ դասերի վրա». ՀԿ

03:06, շաբաթ, 02 սեպտեմբերի, 2023 թ.
«Միայն Արցախում գիտեն՝ որքան դժվար է լինելու թերսնված երեխաների համար կենտրոնանալ դասերի վրա». ՀԿ

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» ՀԿ-ն հայտնում է. «Նոր ուսումնական տարին այսօր արցախցի հազարավոր դպրոցականներ սկսել են աննախադեպ իրավիճակում:
     Միայն Արցախում գիտեն, թե երեկ դպրոցականների ծնողների համար որքան դժվար է եղել հավաքել աշակերտական պայուսակը, երբ ոչ միայն դասագրքեր, անգամ գրենական պիտույքներ՝ հասարակ տետր ու գրիչ հնարավոր չէ գտնել:
     Միայն այստեղ գիտեն, թե որքան դժվար է լինելու առանց որևէ փոխադրամիջոցի ոտքով հասնել դպրոց:
     Որքան դժվար է լինելու թերսնված երեխաների համար կենտրոնանալ դասերի վրա:
     Որքան ծանր է լինելու ուսուցիչների աշխատանքը՝ տեսնելով թերսնված երեխաներին, նրանցից պահանջել կարգապահություն ու գիտելիք:
     Որքան դժվար է լինելու կրթական գերատեսչության համար՝ կազմակերպել ուսումնական գործընթացը՝ համակարգային լուրջ խնդիրների և գրեթե անհաղթահարելի խոչընդոտների պարագայում:
     Այս ամենով հանդերձ՝ կրթական գործընթացն Արցախում չի ընդհատվում, և արցախցի երեխաներն այսօր՝ Գիտելիքի ու դպրության օրը, այցելել են դպրոց, իսկ ուսանողները՝ բուհեր:
     «Արցախի անվտանգության և զարգացման» ճակատ հանրային շարժումն իր հերթին նոր ուսումնական տարում շարունակելու է կրթական ծրագրերը՝ լայնորեն օգտագործելով հեռավար կրթության լուծումներն ու նպաստելով Արցախում դրանց ներդրմանն ու տարածմանը:
     Մեր նոր սերունդը կրթված ու մրցունակ պիտի լինի: Մենք հավատում ենք, որ այս դժվարությունները մեզ օգնելու են լինել ուժեղ, խելացի, տոկուն ու ոչ ստանդարտ:
     Իրական Արցախը սա՛ է: Առաջ գնալ, երբ բոլորին դա անհնար է թվում:
     Հաղթահարել, երբ բոլորը դա անհավանական են համարում:
     Շնորհավո՛ր Գիտելիքի և դպրության օրը»:

2582 | 0
Facebook