Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շրջափակման շարունակման դեպքում` Արցախում կդադարեցվեն մանկապարտեզների գործունեությունը

16:12, շաբաթ, 22 հուլիսի, 2023 թ.
Շրջափակման շարունակման դեպքում` Արցախում կդադարեցվեն մանկապարտեզների գործունեությունը

Շրջափակման պայմաններում սննդամթերքի մատակարարման և վառելիք չունենալու պատճառով մանկապարտեզների գործունեության շարունակականության հարցը խնդրահարույց է։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։
     «Փորձելու ենք հուլիս ամսվա ընթացքում շարունակել ապահովել նախադպրոցական հաստատությունների գործունեությունը: Եթե իրավիճակը մնա անփոփոխ, ապա ցավով պիտի նշեմ, որ, ամենայն հավանականությամբ, օգոստոսին հնարավորություն չենք ունենա ապահովելու մանկապարտեզների գործունեությունը»,-նշել է նախարարը:
     Ն. Մկրտչյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում նախապատրաստական աշխատանքները պիտի իրականացվեն ակտիվորեն, որպեսզի ձմռանը նախապատրաստվելու միջոցառումների շրջանակում կարողանան լուծել կրթօջախների ջեռուցման հարցը:
     «Խնդիրներ ունենք նաև` նոր դասագրքերի ձեռքբերման հետ կապված: Փորձելու ենք մեր հնարավորություները լիարժեք օգտագործել, որպեսզի դասագրքերը և ուսումնական լաբորատորիաները Հայաստանի Հանրապետությունից տեղափոխենք: Գրենական պիտույքների ուղղությամբ ևս փորձելու ենք մեր հնարավորություններն օգտագործել` դիմելով միջազգային կառույցների, մասնավորապես՝ Կարմիր խաչին, որպեսզի գոնե առաջին դասարանցիների համար այդ հարցը լուծվի: Խնդիրները բարդ են, բայց մենք փորձելու ենք սեպտեմբերի 1-ին լիարժեք սկսել նոր ուսումնական տարին։ Անկախ ամեն ինչից` պիտի ապահովենք մատաղ սերնդի կրթությունը, քանի որ այն բավականին կարևոր ռազմավարական ուղղություն է, և մեր պայքարում հաղթելու համար ոչ միայն ուժեք բազուկ է պետք, այլև պայծառ միտք և բավականին հարուստ գիտելիքներ»,-եզրափակել է ԱՀ ԿԳՄՍ նախարարը:

1790 | 0
Facebook