Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Որդուն թագաժառանգ կարգելու ավանդույթը սկզբնավորվել է 13-րդ դարում». Փաշոյան

22:00, շաբաթ, 10 սեպտեմբերի, 2022 թ.
«Որդուն թագաժառանգ կարգելու ավանդույթը սկզբնավորվել է 13-րդ դարում». Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սեպտեմբերի 9-ին Անգլիայի թագավոր Չարլզ 3-ն իր ավագ որդուն՝ Վիլյամին, շնորհեց Ուելսի արքայազնի տիտղոսը՝ հռչակելով Միացյալ թագավորության գահաժառանգ։
     Ավանդույթն այս սկզբնավորվել է հեռավոր 13-րդ դարի երկրորդ կեսին` Էդուարդ 1-ի օրոք։
     Էդուարդը, որը հանդես էր գալիս կղզու միավորման և Ուելսի ու Շոտլանդիայի հպատակեցման գաղափարախոսի դիրքերից, ջախջախիչ պարտության է մատնում Ուելսի վերջին անկախ կառավարիչ Լլեվելին ապ Գրիֆիդին, մահապատժի ենթարկում նրան՝ իր որդուն՝ Էդուարդ 2-ին հռչակելով որպես Ուելսի արքայազն։
     Որոշ պատմաբաններ Էդուարդի նվաճողական քաղաքականությունը Ուելսի և Շոտլանդիայի նկատմամբ բնութագրում են որպես անգլիական գաղութատիրության նախնական փուլ։
     Ընդհանրապես Էդուարդի վերաբերյալ գնահատականները խիստ հակասական են։ Մի կողմից նա հանդես է գալիս որպես դաժան, մանրախնդիր միապետ՝ շոտլանդացիների համար արյունոտ մահակ, Լլեվելինին գլխատող, անգլիացի բարոններին հպատակեցնող և Սիմոն դը Մոնֆորին դաժանագույն մահապատժի ենթարկող (հրամայում է կտրել սեռական օրգանները), բայց այս ամենից անդին անգլիացի գրեթե բոլոր հեղինակավոր պատմաբանները չափազանց ջերմ վերաբերմունք ունեն նրա նկատմամբ։ Մոտեցումն այս պայմանավորված է այն փաստով, որ Էդուարդը համարվում է Անգլիական միապետության հիմնադիրներից մեկը։
     Թագավորն իսկապես իր ժամանակաշրջանի ամենահեղինակավոր գործիչներից մեկն էր, Թավրիզից և Սամարղանդից մինչև Հռոմ և Լոնդոն հաշվի էին նստում Անգլիայի թագավորի հետ։
     1.85 բոյով երկարաոտ թագավորը Հռոմի պապերի հետ հարաբերվում էր՝ որպես ինքնիշխան պետության տիրակալ, դիվանագիտական նամակագրությունը վարում էր անգլերեն և լատիներեն, ի տարբերություն իր նախորդների, որոնք ֆրանսախոս էին (գրական անգլերենն արդեն իսկ ձևավորման փուլում էր)։
     Թագավորը նաև օրենսդիր էր և պատահական չէ, որ անգլիական ավանդույթում նրան հաճախ համեմատում են Հուստինիանոս կայսրի հետ։ Պետական ինստիտուտների մի զգալի մասը ձևավորվել են հենց նրա ժամանակաշրջանում, օրինակ՝ պառլամենտը։ Իհարկե, պառլամենտ նրանից առաջ էլ էր գումարվում, բայց Էդուարդն առաջին թագավորն էր, որ չգնաց առճակատման բարոնների հետ և կամովին ձևավորեց պառլամենտ (Հովհան Անհողինն ու Հենրի 3-ը այդ քայլին գնացել են պարտադրված)։
     Վերադառնալով Ուելսի և Շոտլանդիայի թեմային՝ անհրաժեշտ է նկատել, որ այդ պատերազմները չափազանց դրական ազդեցություն ունեցան անգլիական բանակի համար։ Հենց այդ փորձառությամբ 3 միլիոնանոց Անգլիան Հարյուրամյա պատերազմի մի մեծ շրջափուլում կարողացավ գլխովին ջախջախել 12 միլիոնանոց Ֆրանսիային։
     Այս ամենից զատ Էդուարդը նաև խաչակիր էր, ինչը քառապատկում էր նրա հեղինակությունը Եվրոպայում։ Ի տարբերություն Ռիչարդ Առյուծասիրտի, որն ընդամենը թափառական ասպետ էր, Էդուարդն այս գործին նույնպես ինստիտուցիոնալ բնույթ էր հաղորդում։ Պատահական չէ, որ ամենամանրամասն մշակված արշավանքի և մամլուքների դեմ պատերազմի պլանը կազմվել է հենց Անգլիայի թագավորի կողմից (բայց ծրագիրն այդպես էլ մնաց թղթի վրա)։
     Թագավորի հերոսական կերպարը ամբողջանում է Սուրբ երկրում նրա դեմ ասասինների կողմից կազմակերպված մահափորձով, երբ դեռևս արքայազն Էդուարդը կարողանում է արագ կողմնորոշվել ու սրախողխող անել իր վրա հարձակված ահաբեկչին (ինքը նույնպես վիրավորվում է)։
     Էդուարդի քաղաքական հեռատեսության մասին պատկերացում կազմելու համար՝ տեղին կլինի շեշտադրել նաև այն փաստը, որ նա թերևս առաջին եվրոպական միապետն էր, որը գիտակցեց մոնղոլների հետ դաշինք կնքելու անհրաժեշտությունը։ Ամբողջ կյանքում այդ ծրագիրը, ինչպես նաև նոր խաչակրության գաղափարը չլքեցին նրա միտքը։
     Նկարում՝ Էդուարդ 1»:

7344 | 0
Facebook