Պարեկային ծառայությունը հասանելի կլինի նաև մարզերից երկուսում
ՀՀ ոստիկանությունը հայտնում է․ «Առաջիկայում ոստիկանության նոր պարեկային ծառայությունը հասանելի կլինի նաև Լոռու և Շիրակի մարզերում։ Հուլիսի 26-ից օգոստոսի 7-ը պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում անցկացվում է միասնական ընդունելություն-մրցույթ։ Մրցույթին մասնակցում են ինչպես ոստիկանության ծառայող չհանդիսացող անձինք, այնպես էլ ոստիկանության ծառայողները։ Ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ընդունելություն-մրցույթի համար սահմանված է 570 տեղ, որից 258-ը՝ Լոռու մարզի, 257-ը՝ Շիրակի մարզի համար, նախատեսված է ևս 55 տեղ՝ Երևան քաղաքում պարեկների թիվը համալրելու նպատակով։ Դիմորդը կրթահամալիր է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, կրթության մասին վկայական, 4 լուսանկար (4×6 չափսի), եթե արական սեռի ներկայացուցիչ է՝ զինգրքույկ, մերձավոր ազգականների անձնագրերը, տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից և «B» կարգի վարորդական իրավունքի վկայական՝ պատճենով, կամ պարտավորագիր՝ դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական իրավունքի վկայականը ներկայացնելու վերաբերյալ։ Դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական իրավունքի վկայականը չներկայացնելու դեպքում սովորողի ուսումնառությունը դադարեցվում է»: |