Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՀԱՊԿ-ի հայտարարությունը տարօրինակ է մեզ համար». Ռուբեն Ռուբինյան

00:24, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
«ՀԱՊԿ-ի հայտարարությունը տարօրինակ է մեզ համար». Ռուբեն Ռուբինյան

«Ազատություն» ռադիոկայանի եթերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը մեկնաբանել է ՀԱՊԿ քարտուղարի հայտարարությունը. «Տվյալ հայտարարությունը, բնականաբար, տարօրինակ է մեզ համար մի քանի պատճառով. նախ, պարոն Զասը նշում է, որ, փառք Աստծո, զոհեր չկան, ցավոք, զոհ կա, այս ընթացքում հայ զինծառայող է սպանվել ադրբեջանցի զինվորի կողմից, գերեվարվածներ են եղել: Երկրորդը՝ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածի, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների արձագանքման ՀԱՊԿ կանոնակարգի հիման վրա: Ի՞նչ են դրանք նախատեսում, օրինակ, ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածը, որի հիման վրա Հայաստանը դիմել է, այդ կետը նախատեսում է հետևյալ դեպքերը, երբ, օրինակ, ՀԱՊԿ անդամին կամ ՀԱՊԿ անդամներից մի քանիսի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիք կա: Այսինքն՝ ՀԱՊԿ-ն ունի գործիքակազմ կամ ՀԱՊԿ-ն ունի պարտավորություն արձագանքել ոչ միայն ուղիղ ագրեսիային կամ այսպես ասած ռազմական գործողություններին, այլ նաև ՀԱՊԿ անդամի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը առկա սպառնալիքի դեպքում: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող վիճել, որ այն իրավիճակը, որը տիրում է մեր սահմաններին, 100 տոկոսով համապատասխանում է 2-րդ հոդվածին:

Իհարկե, մենք հասկանում ենք և գաղտնիք չէ, որ սա, ըստ էության, առաջին այսպիսի դեպքն է ՀԱՊԿ-ի համար, այսինքն առաջին դեպքն է, երբ որ ՀԱՊԿ անդամն այս հոդվածի հիման վրա դիմել է և ինչ-որ առումով ավանդույթ էլ չկա, և ինչ-որ առումով սա ՀԱՊԿ-ի համար նաև ստուգատես է, բայց կա մի փաստ, որ ՀԱՊԿ-ը ունի պարտականություններ: Այսինքն, ՀԱՊԿ անդամ երկրները՝ որպես մեկ կազմակերպության անդամ փոխկապակցված են պարտավորություններով, և կա ՀԱՊԿ գործիքակազմ, որը պիտի գործի: Մենք շարունակելու ենք մեր ՀԱՊԿ գործընկերների հետ աշխատանքներ տանել այս ուղղությամբ և կարծում եմ, որ մոտ օրերս նաև մեր համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները աշխատանքային կարգով կապի մեջ կլինեն մեր գործընկերների հետ»,- ասել է նա:
     Մանրամասները՝ տեսանյութում:

«ՀԱՊԿ-ի հայտարարությունը տարօրինակ է մեզ համար». Ռուբեն Ռուբինյան
6165 | 5
Facebook