Հայտնի է՝ ի՞ նչ ունեցվածք են հայտարարագրել Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի տարեկան հայտարարագիրը։ Տարեսկզբին Նիկոլ Փաշինյանն ունեցել է 2011թ․ արտադրության, 2012թ․ ձեռք բերված HYUNDAI մակինիշի ավտոմեքենա, որը հուլիսին 4 մլն 550 հազար դրամով վաճառել է։ Վաճառքից ստացված գումար Փաշինյանը ավանդ է դրել բանկերից մեկում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է կանխիկ 790 հազար դրամ և 1800 դոլար։ Մինչ վարչապետի հայտարարագրած կանխիկ գումարը տարվա սկզբին և վերջին նույնն է եղել, նրա բանկային հաշվի վրա առկա 276 հազար 10 դրամը, 297 դոլարը և 5 եվրոն տարվա վերջին փոփոխության են ենթարկվել։ Տարեվերջին Փաշինյանը բանկային հաշվի վրա ունեցել է 3 մլն 333 հազար 423 դրամ և 320 դոլար։ Վարչապետի ընտանիքից անշարժ գույք ունի նրա տիկին Աննա Հակոբյանը։ Նա հայտարարագրել է բնակարան Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում։ Աննա Հակոբյանը «Մեր տպարանը» և «Դարեսկիզբ» ՍՊԸ-ներից ստացել է 7 մլն 672 հազար 920 դրամ եկամուտ՝ որպես աշխատանքի վարձատրություն կամ վարձակալության դիմաց ստացված վճար։ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը տարեվերջին իր բանկային հաշվին ունեցել է 324 հազար 267 դրամ։ Ամբողջ տարվա ընթացքում նա ստացել է 2 մլն 82 հազար 476 դրամ եկամուտ «Դիջիթեյն» ՍՊԸ-ից՝ որպես աշխատանքի վարձատրություն։ |