Այսօր Տոկիոյից Օսակա ճանապարհը տևում է 2 ժամ 30 րոպե, սակայն ոչ այդքան հեռու ապագայում՝ 17 տարուց, այն կտևի ընդամենը 67 րոպե:
Ճապոնական երկաթուղիները մշակում են երկաթգծային հաղորդակցության նոր պլաններ, որոնք կյանքի կկոչվեն Linear գնացքի շնորհիվ: Այն թափավազքն սկսում է անիվների վրա, այնուհետև, արագություն հավաքելուց հետո, ետ է քաշում անիվներն ու շարունակում ընթացքը՝ գետնից բարձր կախված մնալով մոտ 10 սմ: Շփման բացակայության պայմաններում գնացքը կարող է զարգացնել 500կմ/ժ արագություն:
Նախագիծը կարժենա 50,5 միլիարդ դոլար, իսկ ենթակառուցվածքները կկառուցեն մինչև 2037 թվականը: Գնացքը մեծամասամբ կընթանա գետնի տակով՝ սեյսմիկ ակտիվ գոտիներից խուսափելու համար:
Հավելենք, որ ճապոնական ճեպընթացներն այսօր ամենաարագներից են աշխարհում, դրանք զարգացնում են մինչև 320 կմ/ժ արագություն: Հատկանշական է, որ ճեպընթացների շահագործման 50 տարիների ընթացքում տեղի չի ունեցել որևէ վթար կամ միջադեպ, որը կհանգեցներ ուղևորի մահվան կամ վիրավորման: