Այսօրվանից մեկնարկում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը կտևի 44 օր ու կավարտվի ապրիլի 3-ին: Ձևավորվելու է «Այո»-ի և «Ոչ»-ի մեկական շտաբ։ Արդեն հայտնի է, որ «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այո» քարոզչության կողմ պատգամավորների ցանկում ներառված է խմբակցության 44 պատգամավոր` Մխիթար Հայրապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Հրաչյա Հակոբյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Ռուբեն Ռուբինյանը և այլք:
Խորհրդարանական ընդդիմությունն անմասն է լինելու քարոզարշավից:
«Ոչ»-ի ճամբարի համար միավորվել են որոշ իրավաբաններ ու իրավապաշտպաններ:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: