Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ունևորներին չեմ խրախուսում, խրախուսում եմ հայրենիքը չլքելը». Հայկ Սարգսյանը՝ իր նախագծի մասին

15:35, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
«Ես ունևորներին չեմ խրախուսում, խրախուսում եմ հայրենիքը չլքելը». Հայկ Սարգսյանը՝ իր նախագծի մասին

«Օրինագծի նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ մենք շրջապատված ենք թշնամիներով: Այն ուղղված է պաշտպանության նախարարության ուժեղացմանը և դիրքերում մեր քաղաքացիների թվի աճին: 2012թ. ՀՀ զինված ուժերում չի ծառայել 8232, 2013-ին՝ 7800, 2017թ.՝ 7500 քաղաքացի: Նրանց մի մասը զինծառայությունից խուսափածներն են: Միջին հաշվարկներով ամեն տարի 5 հազար քաղաքացի չի ծառայում: Եթե այս օրենքից նրանց կեսն օգտվի, ապա բանակում 2500-ով կավելանա պայմանագրային ծառայողների թիվը, և բանակի պաշտպանունակությունը կմեծանա: Ես ունևորներին չեմ խրախուսում, խրախուսում եմ հայրենիքը չլքելը: Ես այն քաղաքացիներից եմ, որ ունեցել է հնարավորություն՝ չծառայելու, սակայն ծառայել է». նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով իր նոր օրենսդրական նախաձեռնությունը: Այն միանշանակ չի ընդունվել հանրության կողմից և ոմանց կարծիքով՝ իր մեջ վտանգներ է պարունակում, սոցիալական անարդարություն է ստեղծում: Նախագծով առաջարկվում է մի քանի օրենքներում փոփոխություններով ամրագրել, որ նրանք, ովքեր չեն ծառայել ՀՀ զինված ուժերում, հնարավորություն ունեն հայրենիք վերադառնալ, մուծել 10 միլիոն դրամ և արագացված՝ մեկամսյա զինծառայություն անցնել: Ծառայությունից հետո նրանք ընդգրկվում են պահեստազորում և պարտավորվում են պատերազմի կամ զորահավաքի դեպքում ներկայանալ: Չներկայանալու դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվեն:

Հ. Սարգսյանը նշեց, որ իր նախագիծը ՊՆ-ում դեռ չի քննարկվել, չի քննարկվել նաև խմբակցությունում:

8174 | 1
Facebook