Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Ադրբեջանի քարոզչական սադրանքն ու Ռուսաստանի անզգուշությունը. ԻՔՄ

17:40, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
Ադրբեջանի քարոզչական սադրանքն ու Ռուսաստանի անզգուշությունը. ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Վահե Ղուկասյանի հոդվածը` «Ադրբեջանի քարոզչական սադրանքն ու Ռուսաստանի անզգուշությունը» թեմայով.

Ռուսաստանում ադրբեջանական հակահայկական քարոզչության ակտիվացումը և դրա նկատմամբ ՌԴ պաշտոնատար անձանց վերաբերմունքը կարող են հարվածի տակ դնել ռուսահայությանը և ազգամիջյան լարվածության հիմք դառնալ։

Ի՞նչ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրեց ֆաշիզմի հերոսացման մեջ՝ նկատի ունենալով հանգամանքը, որ Երևանում տեղադրված է Գարեգին Նժդեհի արձանը։ Դրան ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով՝ հորդորելով Ալիևին չաղավաղել պատմությունը և դրանով իսկ չվիրավորվել միջոցառման մյուս մասնակիցներին։

Աշգաբադյան այս «բախումից» հետո ստորագրահավաքներ իրականացնելու համար հարթակ ծառայող Change.org կայքում հայտնվեց Ռուսաստանի Արմավիր քաղաքի քաղաքապետարանին և հասարակությանը հասցեագրված մի հայտարարություն, որի հեղինակը կոչ է անում ապամոնտաժել այդ քաղաքի հայկական եկեղեցու բակում տեղադրված Նժդեհի հուշատախտակը։

Ռուսական արձագանքը

Այս թեման, թերևս, մնար որպես ադրբեջանական քարոզչության հերթական քայլ, եթե այն չստանար որոշակի արձագանք ռուսական շրջանակներից։

Այսպես, հոկտեմբերի 14-ին «Մոսկվա-Բաքու» կայքի հետ հարցազրույցում ՌԴ պետական դումայի կոմունիստ պատգամավոր, ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն իր աջակցությունն է հայտնել ստորագրահավաքին և հայտարարել, որ անձամբ կաջակցի դրան։ Կալաշնիկովը, ի դեպ, Ադրբեջանի մեծ սիրահար է, բազմիցս հանդես է եկել Ալիևներին գովաբանող հայտարարություններով, ինչպես նաև առաջ է քաշել թեզը, թե Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից՝ առանց այդ հարցով միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի։

Սրանից առավել, սակայն, մտահոգիչ է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն Արմավիրում Նժդեհի հուշատախտակի մասին։ Հոկտեմբերի 17-ի ասուլիսի ժամանակ պատասխանելով այդ մասին հարցին` Զախարովան հղում է կատարել այս տարվա մայիսին ՌԴ ԱԳՆ-ի պատրաստած մի զեկույցի։

«Նացիզմի հերոսացման, նեոնացիզմի տարածման և ժամանակակից ռասիզմի սրեցմանը, ռասայական խտրականությանը, այլատյացությանը և դրա հետ կապված անհանդուրժողականությանը նպաստող գործունեության հետ կապված իրավիճակի մասին» զեկույցում, թեև նշվում է, որ Հայաստանում չկան նացիզմի վերականգնման և նացիստական տրամադրությունների բռնկումներ, այնուամենայնիվ, հիշատակվում է Գարեգին Նժդեհը՝ որպես ոչ միանշանակ ազգայնական գործիչ, որը համագործակցել է Երրորդ Ռեյխի հետ։

Զախարովայի այս հղումը, իրականում, բավական խոր արմատներ ունի։ Դեռ 2016 թվականին, երբ Երևանում կանգնեցվել էր Գարեգին Նժդեհի արձանը, ՌԴ ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ռուսաստանի համար անհասկանալի է Հայաստանում նացիստական գեներալի արձանի տեղադրումը։ Ուշագրավ է, որ այն ժամանակ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման շուրջ աղմուկը հիմնականում բարձրացվում էր ադրբեջանական շրջանակների կողմից, որոնք այդ կերպ փորձում էին արատավորել Հայաստանի համբավը և սրել հայ-ռուսական հարաբերությունները։

Արմավիրի մարտահրավերը

Արմավիրի հայկական եկեղեցու բակում Գարեգին Նժդեհի, ինչպես նաև Անդրանիկ Օզանյանի և Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայազգի հրամանատարների հիշատակը հավերժացնող հուշարձանը տեղադրվել է դեռ 2012 թվականին։ Հուշատախտակի դեմ քարոզչական արշավ տեղի է ունեցել նաև 2017-ին, սակայն առանց հաջողության։

Արմավիրը Ռուսաստանի այն բնակավայրերից է, որտեղ առկա է բավական կոմպակտ հայկական բնակչություն։ Ադրբեջանցիների կազմակերպած ստորագրահավաքը, անշուշտ, կարող է որոշակի հանրային ալիքներ ու լարվածություն առաջացնել այդ քաղաքում։ Սակայն իրավիճակը կարող է էլ ավելի սրվել, եթե ադրբեջանական այս պրովոկացիայի ջրաղացին ջուր լցվի նաև ռուսական շրջանակների կողմից։ Կոնկրետ Մարիա Զախարովայի այս հայտարարությունը, չնայած դիվանագիտական ձևակերպումներին, այնուամենայնիվ, կարող է ազդակ հանդիսանալ ընդդեմ հայերի տարաբնույթ ազգայնական խմորումների համար։ Ռուսաստանի իշխանությունները՝ թե՛ դաշնային, թե՛ տեղական մակարդակներով, պետք է գիտակցեն, որ նման հարցերում անթույլատրելի է ազգային պատկանելիության հողի վրա ատելություն սերմանող պրովոկացիաներին տեղի տալը։ Մի երկրում, որտեղ ազգայնականների երթերը (Ռուսական մարշերը) բավական տարածված երևույթ են, ազգամիջյան լարվածությունները կարող են ծանր ու անկանխատեսելի հետևանքներ ունենալ։

| | |
4411 | 0
Facebook
COMMENT.am