Ազգային Ժողովը սեպտեմբերի 12-ի նիստն սկսեց նախորդ օրը քննարկած նախագծերի քվեարկությամբ:
Ի թիվս դրանց, ընդունվեց նախորդ օրը առավել բուռն քննարկված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրինագիծը:
Քվեարկութունից առաջ ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ թեպետ իրենք օրինագիծը թերի, թիրախային խնդիրներ լուծող են համարում, սակայն կողմ են քվեարկելու՝ անտեղի շահարկումներից զերծ մնալու համար:
«Հայտարարում եմ, որ այս փաստաթղթի ընդունման քաղաքական պատասխանատվությունը կրում է քաղաքական մեծամասնությունը»,-ասաց Ն. Զոհրաբյանը:
«Լուսավոր Հայատանից» Մանե Թանդիլյանն առաջարկեց դեմ քվեարկել, որպեսզի հետո ստիպված չլինեն դրա սահմանադրականության հարցով դիմել ՍԴ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ առաջին և երկրորդ ընթերցումների միջև ընկած ժամանակահատվածում հնարավորություն կունենան կարգավորումները կատարել:
«Այս օրինագծի առիթով անհանգստանալու կարիք ունեն նրանք, ովքեր խոշոր անշարժ գույք ունեն»,-գնահատեց Բ. Թունյանը:
Հիշեցնենք, որ նախորդ օրը օրինագծի քննարկման ժամանակ, որոշ պատգամավորներ մտավախություն հայտնեցին, որ օրենքի փոփոխություններից տուժելու են խոցելի խավերը, կբարձրանա «աբովյանցի տատիկի» գույքահարկի բեռը: