Ինչպես հայտնի է, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները հանդիպել են Ճապոնիայի Օսակա քաղաքում ու G20-ի շրջանակներում քննարկել նաև Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը:
«Մի միջամտեք ընտրություններին»,- հանդիպման սկզբում ժպտալով ասել է Թրամփը Պուտինին, երբ լրագրողները սկսել են հարցեր ուղղել ռուսական միջամտության մասին:
Մոտ 1,5 ժամ տևած հանդիպմա ժամանակ Թրամփն ու Պուտինն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերություններին՝ նշելով, որ դրանց բարելավումը բխում է միջազգային հանրության շահերից, փոխանցում է РБК-ն: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են նաև շարունակել սպառազինության վերահսկողության շուրջ քննարկումները:
Ավելի ուշ լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է G20-ի երկրների ղեկավարների պատվին տրված ընթրիքին Պուտինի թերմոսը: Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ ՌԴ նախագահը մշտապես թեյ է խմում հենց այդ հատուկ գավաթից:
Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը տիրող մթնոլորտը համեմատել է «Օսկար» մրցանակաբաշխության հետ. լրագրողների աղմուկն ու իրարանցումը թույլ չէր տալիս նախագահներին հանգիստ շփվել: