Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Մրցութային եղանակը թույլ չտվեց, որ վարչական շրջանի ղեկավարն իր ազգականին ղեկավար դարձնի». Անի Խաչատրյան

10:10, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
«Մրցութային եղանակը թույլ չտվեց, որ վարչական շրջանի ղեկավարն իր ազգականին ղեկավար դարձնի». Անի Խաչատրյան

Անցած շաբաթ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը խոսեց օրենսդրական մի նախաձեռնության մասին, որի նպատակը համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ընտրություններում համայնքի ղեկավարի սուբյեկտիվ նշանակման հնարավորությունը նվազեցնելն է։ Խոսքը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է:

Ըստ պատգամավորի` գործող օրենքով՝ տեղական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենները նշանակվում են բացառապես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի սուբյեկտիվ որոշման արդյունքում, ղեկավարն է որոշում թեկնածուին, ներկայացնում տեղական խորհրդի հաստատմանը։ Օրենքում կա ևս մի «անհեթեթ» կետ, որով համայնքի ղեկավարը ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում միանձնյա, առանց ավագանու հետ համաձայնեցնելու կարող է նշանակել համայնքի հիմնարկների և համայնքային կազմակերպությունների ղեկավարներին: Պատգամավորի համոզմամբ` դա խոչընդոտում է, որ բոլորն ունենան հավասար հնարավորություններ, և պաշտոններում պրոֆեսիոնալ կադրեր հայտնվեն:

Օրենսդրական փոփոխությամբ նպատակ ունեն նաև բարձրացնել ավագանու դերը: Պատգամավորն ասել էր, որ տեղական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թափուր պաշտոնների համար անցկացվելիք մրցույթների կարգը կորոշի կառավարությունը, իսկ մրցույթի արդյունքներով ընտրված թեկնածուի նշանակումը կհաստատի կամ կմերժի ավագանին։ Ա.Եղիազարյանը նշել էր նաև, թե առաջարկվում է մինչև նախագծի երկրորդ ընթերցում օրենքով հստակ սահմանել մրցույթի անցկացման կարգը:

MAMUL.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանն ասաց, որ օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարան է հասել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ջանքերով, երբ նա մինչ պատգամավոր լինելը ավագանու անդամ էր: Անի Խաչատրյանն այդ նախաձեռնությունը գովելի համարեց: Ըստ նրա` բոլոր դեպքերում, երբ մրցույթ է լինում, պահպանվում է օբյեկտիվությունը, բացառվում են կոռուպցիոն ռիսկերը:

«Վերջերս տեղի ունեցան Երևանի ենթակայության համայնքային ոչ առևտրային մի շարք` «Երևանի Ավանի մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Ավանի մշակույթի տուն, «Ավանի մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ) և հարյուր տոկոս` Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթներ: Դրանցից մեկի մասնակիցներից մեկը Ավան վարչական շրջանի ղեկավարի ազգականն էր: Հենց մրցույթային կարգը վարչական շրջանի ղեկավարին թույլ չտվեց իր նախընտրած թեկնածուին «անցկացնել»: Իսկ «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-Ի ղեկավարի մրցույթում հաղթեց մեկը, որն այսպես ասած ոչ մեկի հովանավորյալը չէր, փայլուն պատրաստված անձնավորություն էր:

Հարցին, թե որքան է գնահատում խորհրդարանի կողմից օրինագծի ընդունվելու հնարավորությունը, Անի Խաչատրյանը հույս հայտնեց, որ նախագիծը չի մերժվի: Նա հիշեցրեց, որ վերջերս խորհրդարանը հավանություն տվեց «Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Մանե Թանդիլյանի` Հայաստանում վարկային ծառայություններ տրամադրելու վերաբերյալ ԿԲ արտոնագիր չունեցող միջնորդների գովազդի համար տուգանքներ սահմանելու մասին օրինագծին։

| | |
1862 | 0
Facebook
COMMENT.am