Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայ վրիժառուների գործողությունները ցեղասպանության կազմակերպիչների դեմ»․ Զոհրապ Եգանյան

11:43, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
«Հայ վրիժառուների գործողությունները ցեղասպանության կազմակերպիչների դեմ»․ Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1919 թ., Թիֆլիսի Երևանյան հրապարակում տակավին պատանի Արամ Երկանյանը գնդակահարեց մուսաֆաթական դահիճ Ղասիմբեկովին:
     1920 թ. հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն և նրա գործակից, Շուշիի հայերի ջարդարար Սաֆարովին:
     1921 թ. հուլիսի 21-ին Ստամբուլում Միսաք Թոռլաքյանը գնդակահարեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Ջևանշիր խանին: Թոռլաքյանը Թեհլերյանի նման վարվեց, փախուստի չդիմեց, և անգլիական դատարանը անմեղսունակ ճանաչեց նրան:
     1921 թ. դեկտեմբերի 5-ին Հռոմում Արշավիր Շիրակյանը, հընթացս նետվելով կառքը, որով երթևեկում էր երիտթուրքերի կառավարության վարչապետ Սայիդ Հալիմ փաշան, տապալեց նրան և կանգնեցնելով կառքը` հեռացավ:
     Մի քանի ամիս անց` 1922 թ. ապրիլի 15-ին նույն Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում, Թալեաթի այրու աչքերի առաջ, սպանեցին Տրապիզոնի հայերի ջարդերի կազմակերպիչ դոկտոր Ջեմալ Ազմիին և Բեհաեդդին Շաքիրին:
     1922 թ. հուլիսի 25-ին Թիֆլիսում` Չէկայի շենքի դիմաց Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը, Ստեփան Ծաղիկյանն ու Զարեհ Մելիք-Շահնազարյանցը սպանեցին Օսմանյան Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Ջեմալ փաշային:
     Երիտթուրք պարագլուխներից «Նեմեսիսի» վրիժառությունից խույս տվեց «Միություն և առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղար, Թուրքիայի ներքին գործերի նախարար Էնվեր փաշան: Սակայն Էնվերին 1922 թ.` փախուստի պահին, Միջին Ասիայում գնդակահարեց Կարմիր բանակի հրամանատար Հակոբ Մելքումյանը:
     Երիտթուրք մյուս դահիճը` դոկտոր Նազիմը, 1926 թ. մահապատժի ենթարկվեց Թուրքիայում` Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ կազմակերպած մահափորձի համար:
     Ինչպես վերը նշվեց, «Նեմեսիս» ծրագրի խնդիրն էր ոչնչացնել ոչ միայն երիտթուրքերի պարագլուխներին, այլև հայ դավաճաններին: Մասնավորապես, 1920 թ. Սողոմոն Թեհլերյանի գնդակով սպանվեց Թուրքիայի գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանը: Նույն թվականին Արշավիր Շիրակյանը գնդակահարեց Պոլսի հայ մտավորականների ցուցակը կազմած դավաճան Վահե Եսայանին:

4043 | 1
Facebook