Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ մեկը ո՛չ լսում ա, ո՛չ ընդունում»․ հաշմանդամ օդաչուների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց

12:10, հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ.
«Ոչ մեկը ո՛չ լսում ա, ո՛չ ընդունում»․ հաշմանդամ օդաչուների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց

Կառավարության դիմաց հերթական անգամ բողոքի ակցիան են իրականացնում «Հաշմանդամ օդաչուներ» ՀԿ-ի անդամները: Ցուցարարները Կառավարությունից պահանջում են, որ Սևանա լճի մոտ գտնվող «Հայկական ավիաուղիներ»-ին պատկանող հողատարածքի վաճառքից ստացված գումարներն իրենց հատկացվեն:

«Ոչ մեկը ո՛չ լսում ա, ո՛չ ընդունում ա: Համարյա երեք ամիս առաջ նամակ ենք գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նամակին պատասխան չկա»,- ասում են նրանք:

Ակցիա իրականացնողների խոսքով` «Հայկական ավիաուղիներ»-ին պատկանող հողատարածքը պիտանելի չէ օգտագործման համար: «Սևանում մեզ հող են հատկացրել 30 տարի առաջ, ասում ենք` էդ հողը պիտանի չէ ոչ մի բանի, ոչ էլ մենք էնտեղ ինչ-որ բան ենք սարքելու. չի թույլատրվում` ազգային պարկ ա: Վերցրեք ձեր հողը, վերջացրեք մեր սնանկացումը, չեն փակում մեր սնանկացումը, որ սոցնախարարությունը մեր գումարը տա, դիտմամբ չեն անում, որ հարցը չգնա գումար վճարելուն»,- ասում են օդաչուները:

Փոխհատուցում պահանջող օդաչուները 148 էին, այժմ մնացել են 41-ը:

«Մենք երկրի համար էնքան բան ենք արել, որ շատերը չեն պատկերացնում։ Հիմա անպետք ենք, ուղիղ ասում եմ` անպետք ենք դրա համար ոչ մեկ չի ուզում մեր հարցը լուծի»,- եզրափակեցին ցուցարարները:

Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիներ»-ը սնանկ ճանաչվեց 2003-ի մարտին, կառավարության որոշմամբ՝ պետությունը հինգ միլիոն դոլարով վերցրեց այդ ընկերության բոլոր չվերթերը ու տվեց «Արմավիա» ավիաընկերությանը: Օդաչուները մինչ օրս սպասում են, մինչև որ վաճառվի սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիներ»-ի գույքը: Հիմա էլ նրանք սպասում են Սևանի մոտ գտնվող «Հայկական ավիաուղիներ»-ին պատկանող հողատարածքի վաճառքից ստացված գումարներին:

1875 | 1
Facebook