Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞րն է տրամաբանությունը նման վարքագծի». Հայկ Մարտիրոսյան

21:30, շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ.
«Ո՞րն է տրամաբանությունը նման վարքագծի». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորք-Մարաշի գործով խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը հաշմանդամի սայլակում է այլևս և նրա պահման պայմանները խստացվել են այն առումով, որ կնոջն այլևս թույլ չեն տալիս խնամել նրան:
     Եթե Սասնա Ծռերի պարագայում հանրային ճանաչում կար և որոշակի լուրջ հանրային պահանջ` ապստամբներին ազատություն տալու, ապա Նորքի խմբի գործով հանրային լիակատար լռություն էր և է: Սա ստեղծեց անհավասարություն` տեխնիկապես և գործողությունների առումով առավել քիչ դրսևորված խմբի հանդեպ վերաբերմունքի և Ծռերի խմբի հանդեպ վերաբերմունքի միջև:

Յուրաքանչյուր հեղափոխության առաջնորդներ` իշխանության գալով, առաջին հերթին բանտերից կազատեին և կսկսեին հերոսացնել այն անձանց, ովքեր ինքնազոհությամբ թեկուզ զինված պայքարի են դուրս եկել ապօրինի, ոչ լեգիտիմ, իշխանությունն ուզուրպացրած ու պետական կարգը տապալած ռեժիմի դեմ:

Մեր հեղափոխության արդյունքում այս մարդիկ թողնվեցին նախկին ռեժիմի ծնունդ և շարունակություն հանդիսացող դատական իշխանության հույսին և ոչ միայն չազատվեցին, այլև շատերի վիճակը շարունակեց անհույս մնալ:

Ո՞րն է տրամաբանությունը նման վարքագծի: Պատասխան դժվար է գտնել: Թերևս` սխալ, մոլորյալ, անուս և անհուսորեն անհեթեթ գաղափարների դավանման մի բույլ, որով ոչ միայն առանձին անձանց հանդեպ վարվում է սխալական քաղաքականություն, այլև` մեծապես վտանգվում է երկրի համակարգային առողջացման առաջադրանքը, որ իշխանությանը տվել է հեղափոխության դուրս եկած, բայց արդյունքում իշխանափոխություն հրամցված ժողովուրդը»:

3721 | 0
Facebook