Շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում` դատավոր Մակյանի նախագահությամբ, շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով հերթական դատական նիստը: Դատարանը հարցաքննում է գործով տուժողներին։ Նշենք, որ «Սասնա ծռեր»-ի գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել 2016-ին ՊՊԾ գունդը գրավելու կապակցությամբ: Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով, (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) ու 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (Սպանություն): Նա մեղադրվում է ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար: Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը), նաև վերջին օրերին ավելացված՝ 104-րդ հոդվածի 2-րդմասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերն (սպանություն) ու 238 հոդվածի 4-րդ մասը։ Հիշեցնենք նաև, որ նախորդ նիստերի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը դեմ էին արտահայտվել մեղադրյալների նկատմամբ համաներման կիրառմանը: |