Մեծ Բրիտանիայի բնակիչ Մայքլ Քերոլն, ով 2002 թվականին լոտոյով շահել էր 10 միլիոն ֆունտ սթերլինգ, 10 տարում հասցրել է մինչև վերջին մանրադրամը փոշիացնել այդ գումարը, գրում է The Sun-ը:
Խոշոր շահումն ստանալուց հետո տղամարդը տրվել է ցոփ ու շվայտ կյանքին, անդադար կազմակերպել ճոխ ու աղմկոտ երեկույթներ իր հսկայական առանձնատանը:
«Իմ 10 միլիոնը ցնդեց 10 տարում: Հիմա ոչ տուն ունեմ, ոչ մեքենա, բայց ես չեմ ողբում: Քամու բերածը քամին կտանի»,- ասում է Քերոլը: Այժմ նա գումար է վաստակում ծանր ֆիզիկական աշխատանքով՝ փայտ ջարդելով ու ածուխի պարկեր տեղափոխելով: Իր ասելով՝ դա նրան իսկական հաճույք է պատճառում: «Կյանքը փողով չի սահմանափակվում: Տարօրինակ է հնչում, բայց ես երբեք առավել երջանիկ չեմ եղել, քան այն ժամանակ, երբ վերադարձա աշխատանքի: Սնանկացումը լավագույն բանն էր, որ պատահեց իմ կյանքում»,- ասում է նա: