Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժ. Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Սասնա Ծռեր» կառույցը մասշտաբով լինելու է համահայկական, իսկ բովանդակությամբ ավելի նման է լինելու շարժման: Բացի կուսակցական կառույցից, շարժումն ունենալու է տարաբնույթ նախաձեռնություններ, որոնք զբաղվելու են հայության համար կենսական հարցերով: Բուն կուսակցությունը ևս ունենալու է հորիզոնական, ցանցային կազմակերպվածք, որպեսզի հնարավորինս ժողովրդավար ու արդյունավետ ձևերով ներգրավի անդամներին ու աջակիցներին և նույն ձևերով ապահովի նրանց գործունեությունը:
Օրենքով նախատեսվում է, որ կուսակցությունները արտերկրում կարող են ունենալ ներկայացուցչություններ: Մենք լիուլի օգտվելու ենք այդ հնարավորությունից և ապագայում բոլոր գաղթօջախներում բացելու ենք մեր ներկայացուցչությունները, որոնք կդառնան մեր գաղափարների շուրջը հայությանը համախմբելու օջախներ:
Կոչ եմ անում տոգորվել հայկյան արարչական ու արի ոգով, թոթափել բոլոր մտավախություններն ու կասկածները և թե՛ անհատապես, թե՛ ազգովին ոգեղենությամբ ու ստեղծագործաբար մոտենալ բոլոր մարտահրավերները հաղթահարելու հարցերին:
Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ մենք ունակ ենք հրաշքներ գործելու, եթե ապավինում ենք մեր ոգուն, մտքին ու բազկին, եթե գործում ենք վճռական մենակի հոգեբանությամբ ու տրամաբանությամբ: Ապագան լուսավոր է լինելու և մերն է լինելու: Ես համոզված եմ»: