SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 18-ի երեկոյան, «Գառնի» առողջության կենտրոնից Գառնիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Ա. և Մ. Աբելյանններին:
Ա. Աբելյանը ստացել է «աջ ազդրի վերին երրորդականի կտրած արյունահոսող վերք», իսկ Մ. Աբելյանը «կրծքավանդակի, որովայնի և աջ բազկի ստորին երրորդականի կտրած վերք» վնասվածքներ:
«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել վիրավորների կյանքը փրկել, ովքեր այս պահին գտնվում են նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն, ծանր ախտորոշմամբ:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Կոտայքի ոստիկաններն ու քննիչները՝ մարզի ոստիկանապես Ա. Հովհաննիսյանի և քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում պարզել են Ա. և Մ. Աբելյաններին դանակահարած անձի ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Ղազարյանն է, ով այս պահին որոնվում է իրավապահների կողմից:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորները հայր ու որդի են. Մանուելը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության ծառայությունում՝ որպես օպերլիազոր: