«Նախապատրաստվում է հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի, ՌԴ դեսպանատան ռազմական գծով կցորդի միջև՝ Փանիկ գյուղում կատարավածը քննարկելու համար: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հնարավոր է՝ հանդիպմանը ներկա լինի նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպմանը կքննարկվի ռուսական ռազմաբազայի կողմից՝ Շիրակի մարզի Փանիկ համայնքին մոտ առանց զգուշացման զորավարժություններ անցկացնելու հարցը»,- ասել է մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները երեկ, առանց իրազեկելու բնակիչներիյն, ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկում` տանկերով մտել են գյուղ և խուճապի մատնել մարդկանց:
Նշենք, որ այսօր 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպմանը ներողություն է խնդրել` նշելով, որ միջադեպն անփութության արդյունք է: